«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ՏԽՈՒՐ ԴՐՎԱԳ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Շատերիս համար երեւի արդեն ցավալիորեն սովորական են դարձել հաճախ հանդիպող դեպքերը, երբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված աղբամանների մեջ շշեր, հացի կամ ուտելիքի կտորներ են փնտրում մուրացկանները, անտուն, անաշխատանք եւ սոցիալապես խիստ անապահով մարդիկ: Սակայն նման երեւույթի պատճառը միշտ չէ, որ ընդունելի կամ հասկանալի է, քանի որ եթե մի դեպքում այս ճանապարհով իրենց գոյությունն են պահպանում ծերերը եւ հաշմանդամները, ապա մեկ այլ դեպքում այս ճանապարհը կարծես ավելի հասանելի է միջին տարիքի աշխատունակ մարդկանց, հաճախ նաեւ երեխաներին եւ պատանիներին:

Օրերս մեր փողոցներից մեկում, ուր իրար կողքի տեղադրված էին 3 աղբաման, ականատես եղանք մի անսովոր դեպքի: Նախՙ աղբամանին մոտեցան մոտ 40 տարեկան երկու տղամարդ եւ փնտրելով իրենց համար անհրաժեշտը, լցրին կտորից պայուսակի մեջ եւ հեռացան: Նրանցից անմիջապես հետո նույն աղբամանին մոտեցան ցնցոտիավոր երկու պատանիներ` ծխախոտներով, փողոցի կյանքի կնիքը վրաները: Պատանիներն այնպես անսպասելի հայտնվեցին աղբամանների մոտ, որ տպավորություն ստեղծվեց, թե սպասում էին տղամարդկանց հեռանալուն: Տղաներն էլ շշեր հավաքեցին` բնականաբար վաճառելու համար: Նրանց փնտրտուքը բավական կարճ տեւեց. մի վարժ հայացքով նրանք գտան եւ հավաքեցին շշերը: Ենթադրելի է, որ նրանք աղբամաններից միայն շշեր են հավաքում եւ «բիզնես անում»:

Նրանց զուգահեռ աղբամանին մոտեցավ միջին տարիքի մի կին եւ պատանիների հետ մի երկու բառ փոխանակելուց հետո սկսեց փնտրել իր «ավարը»: Փաստորեն, միեւնույն աղբամանից օգտվող մուրացկանները ճանաչում են միմյանց եւ առանձնապես չեն վրդովվում մեկմեկու ներկայությունից: Պատճառը պարզ է` նրանցից յուրաքանչյուրը աղբամանից օգտվում է իրեն անհրաժեշտ մասով, այսինքն` ոմանք սնվում են կամ հագնվում, ոմանք էլ ծխում են կամ վաճառքի պիտանի իրեր փնտրում, որոնցից ամենաօգտագործելին այս պարագայում շշերն են: Մեր նկարագրածում ուշագրավն այն է, որ աղբամաններից օգտվողները նախ ունեն իրենց մասնագիտացումը, այսինքն` «ավարը» սկզբից բաժանված է, եւ երկրորդ` նրանք ունեն այցի իրենց ժամկետը եւ հերթով` իրենց ժամերին մոտենում են աղբամանին: Իսկ այս ամենում էլ ամենավատը պատանիների ընդգրկվածությունն է, որոնք այս ձեւով ապրում են եւ «բիզնես անում»:

Այ այսպես, համերաշխ, առանց կռվի մեր համաքաղաքացիներից ոմանք ապրում են այս տխուր զբաղմունքով եւ պարզ էլ չէ, թե որքան կարող է այսպես շարունակվել: Սա միայն մեկ դրվագն է մեր իրականության, պատկերացնո՞ւմ եք, ինչ կկատարվի, եթե փորձենք հետեւել բոլոր աղբամանների շուրջը կատարվող իրադարձություններին:

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր իրականացնող մեր պետական այրերը հարկ է, որ խստորեն հաշվի առնեն այս հանգամանքը եւ ճիշտ տեղաբաշխեն իրենց հնարավորություններն ու միջոցները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4