1992-96 թթ. ղարաբաղյան բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը բաց նամակով դիմել է հայկական եւ ադրբեջանական հասարակական կազմակերպություններինՙ հաշտության եզրեր գտնելու հորդորով: «Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հազվադեպ հանդիպումները երկու ժողովուրդներին չեն տվել զգալի արդյունքներ: Ավելի քան 11 տարին առավել քան բավարար է նպատակասլաց, լուրջ բանակցությունների համար: Մարդիկ իրավունք ունեն հարցնելուՙ որտե՞ղ է արդյունքը», ըստ «Ռեգնումի», գրում է Կազիմիրովը:
«1994 թ.-ին կռիվները դադարեցնելու համար հակամարտության կողմերին անհրաժեշտ էին «խաղաղության կուսակցություններ», իսկ այսօր իրատեսության եւ ճկունության կուսակցությունների կարիք է զգացվում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներըՙ «ժողովրդական դիվանագիտությունը», չեն կառչում աթոռից: Միայն նրանք կարող են ասելՙ միեւնույն է, ադրբեջանցիներն ու հայերն ապրելու են դարերով, եթե ոչ միասին, ապաՙ կողք-կողքի, եւ ավելի լավ կլինիՙ բարիդրացիական, քան թշնամական միջավայրում», գրում է ռուսաստանցի դիվանագետը:
Կազիմիրովը նշում է, որ արդեն վաղուց ժամանակն է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հակամարտության հիմնական պատճառ եւ գլխավոր վիճելի խնդիր ճանաչելը: «Մոլորակի վրա ուրիշ դար է, այլ արժեքներովՙ ժողովրդավարություն, համբերատարություն (հանդուրժողականություն), շփումներ, ճկունություն, փոխզիջումներ: Ղարաբաղի վեճը մարտի դաշտից պետք է տեղափոխվի բանակցությունների սեղանի կամ թափանցիկ քվեատուփերի շուրջը: Պատերազմի ժամանակ գնահատում էին կոշտությունը, իսկ այժմ օգտակար է ճկունությունը, որն առայժմ դեֆիցիտ է», նշում է Կազիմիրովը: