«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2005-11-22 | #213, 2005-11-23 | #214, 2005-11-24


ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԱՆՎԱՅԵԼ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ

Վրաստանի խորհրդարանի նախագահը երեկ Թբիլիսիում անվայել է արտահայտվել Հայաստանի հասցեին: Ելույթ ունենալով Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում, Բուրջանաձեն, ըստ «Ռեգնումի», ասել է, որ իր երկրին չպետք է «պատժել» այն բանի համար, որ տարածաշրջանի երկրները դեռեւս չեն կարողանում բավարարել եվրոպական չափանիշներին:

«Հարավային Կովկասի պետություններից ժամանակին Վրաստանն է անդամակցել Եվրոխորհրդին, ապա այնտեղ ընդունեցին Հայաստանին եւ Ադրբեջանին: Այդպես պետք է լինի նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության դեպքում: Վրաստանը չի պահանջում իր նկատմամբ արտոնյալ պայմաններ, բայց պետք չէ մեզ «պատժել» նրա համար, որ տարածաշրջանի մյուս երկրները դեռեւս չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին», ասել է նա:

Նկատենք, որ սա վերջին շրջանում վրաց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի հասցեին արվող առաջին անվայելուչ հայտարարությունը չէ: Օգոստոսին, այն ժամանակ Վրաստանի գործող արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակավ հայտարարել էր, որ Վրաստանը թույլ չի տա Հայաստանին, որպեսզի երրորդ երկրների, այդ թվում Մ. Նահանգների վրա ճնշում բանեցնելով փորձի խոչընդոտել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը: Հետեւեց Վարդան Օսկանյանի բավականաչափ խիստ արձագանքը. «Վրաստանը բարոյական իրավունք չունի մասնակիցը դառնալու Հայաստանը մեկուսացնող նոր երկաթգծի կառուցմանը»:

Հայաստանի իշխանությունները պարտավոր են համապատասխան արձագանք տալ Վրաստանին եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին:

Երեկ, ի դեպ, հարեւան երկու երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն է թույլ տվել նաեւ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին: «Մենք պետք է ժողովրդավարության զարգացման առումով օրինակ դառնանք ողջ տարածաշրջանի համար», ասել է նա: Առնվազն զարմանալի է, որ մինչեւ վերջերս արժանիորեն «չկայացած պետության» պիտակը կրող եւ լայն հաշվով դեռեւս չկայացած երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նման ոգով են արտահայտվում իրենց հարեւանների մասին:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4