Նոյեմբերի 21-ին դիմելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ աշխարհի իրական սահմանադրությունները խարսխվում են մեկ ընդհանուր եւ անխախտ գաղափարի վրա` ժողովուրդն է իրավասու սահմանադրություն ընդունել կամ փոփոխել, այն էլ` ընդգրկուն, բազմակողմանի, համաժողովրդական քննարկումից հետո: «Մենք թույլ չենք տա, որ բռնություններով, կեղծիքներով, հաշվեհարդարներով իշխանություն ձեռք բերած պարագլուխները գողանան մեր ձայները ու շարունակեն մեր Հայրենիքի, մեր խղճի կողոպուտը», ասել է նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Չմասնակցելով առաջիկա քաղաքական բեմականացմանը` մենք վճռում ենք այս կեղծ քվեով իրենց որոնած հանրային համաներումը չտալ: Սա քաղաքացիական անհնազանդության, նույնն է` համաձայնության կոչ է, մեր խաղաղ, բռնազերծ, համերաշխ պայքարի առաջին, բայց ոչ վերջին եղանակը»: Պրն Հովհաննիսյանը խոստանում է քաղաքացիների հետ դարբնել Հայաստանին եւ նրա ժողովրդին վայել նոր սահմանադրություն` ստորագրված քաղաքացու իրական իշխանության, ազգի, շահի, պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների լուսավոր գաղափարների` մեր երկրի եւ երեխաների արժանապատիվ կյանքի հեռանկարով: