ՆՅՈՒ ՅՈՐՔ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցել 2000 թվականի սեպտեմբերին մարդասպանության մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանին:
«Ասոշիեյթեդ պրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավարի օգնական Սթեֆեն Թիդվելը հայտնել է, որ 32-ամյա Հակոբյանը անցած շաբաթավերջին բերվել է Լոս Անջելես, որտեղ նրան ներկայացվելու է Գառնիկ Մադոյանին սպանելու մեղադրանք:
Հակոբյանը ձերբակալվել էր անցած օգոստոսինՙ Հայաստանի իրավապահ մարմինների աջակցությամբ: Այս տարի սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցում մարդասպանության մեջ կասկածյալի, եւ Թիդվելի խոսքերով, «երկու պետությունների միջեւ ձեւավորվել են հոյակապ աշխատանքային հարաբերություններ»:
Լոս Անջելեսի իշխանությունները պնդում են, որ Գառնիկ Մադոյանը սպանվել է հրազենից, Հակոբյանի հետ վիճաբանության ընթացքում: Վերջինս գրեթե անմիջապես Միացյալ Նահանգներից փախուստի էր դիմել եւ թաքնվել Հայաստանում: Հակոբ Հակոբյանը, ըստ «Ազատության», ներկայումս գտնվում է Լոս Անջելեսի բանտում: