«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2005-11-23 | #214, 2005-11-24 | #215, 2005-11-25


ԲՈՅԿՈՏԸ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Համոզված է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

«Սա կոնֆլիկտներ պարունակող սահմանադրություն է», հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ըստ նրա` այդ կոնֆլիկտները երկրի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի միջեւ ներդրված են հենց հանրաքվեի դրվելիք փաթեթում. եթե ամեն ինչ լավ լիներ, եւ արդար ընտրություններով ընտրված իշխանությունն այս փոփոխությունները ներկայացներ` ԱԺՄ-ն էլի դեմ էր քվեարկելու, որովհետեւ պետք է գնալ կամ դեպի պառլամենտական, կամ` նախագահական իշխանություն: «Որ ասում են` սա մի քայլ առաջ է, ես ոչ մի քայլ առաջ էստեղ չեմ տեսնում», Վ. Մանուկյանն այս ասելուց հետո հիշեցրեց. «Մենք դա տեսել ենք 1990-91 թվականներին` իմ եւ Լեւոնի վիճաբանության մեջ կային ե՛ւ անձնական, ե՛ւ քաղաքական հարցեր: Բայց հիմքում ընկած էր շատ կարեւոր հանգամանք, որ այն ժամանակվա սահմանադրությունն ու օրենքները հնարավորություն չէին տալիս այդ կոնֆլիկտը լուծել, եւ կոնֆլիկտը վերաճում էր անձնականի: Նույն վիճակը տեսանք գործող սահմանադրության դեպքում` երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը վերցրեցին իշխանությունը խորհրդարանում, եւ Ռոբերտ Քոչարյանը մնաց նախագահ. խուլ ձեւով արտահայտված մեծ կոնֆլիկտ կար այդ երկու թեւերի միջեւ: Այժմ այդ կոնֆլիկտը գծագրված է սահմանադրության մեջ»:

Ըստ ԱԺՄ նախագահի` բոյկոտը ոչ թե բողոքի կամ հանրաքվեից դուրս գալու, խռովելու նշան է, այլ ընդհակառակն, ամենաազդեցիկ պայքարի միջոցն է, որի մասին նա բազմիցս ասել էր դեռ ամիսներ առաջ: «Դա բոյկոտ է այն խաղերին, որոնք շատ հեռու են մեր ժողովրդի եւ պետության շահերից»: Ըստ նրաՙ տեխնիկական տեսակետից այն հնարավորություն կտա հաշվառել հանրաքվեին մասնակցող մարդկանց թիվը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ փոքրաթիվ հանձնաժողովի անդամներով վերահսկել, որպեսզի «այո»-ն «ոչ» չդառնա, հնարավոր չէ: Մինչդեռ դիտորդի կարգավիճակը հնարավորություն է հաշվելու, թե քանի մարդ է մտնում տեղամաս. «Ես համոզված եմ, որ նորմալ վերահսկողության դեպքում մենք հստակ կապացուցենք. այնքան մարդ, որքան պետք է «այո»-ի համար` ուղղակի չի էլ մասնակցելու հանրաքվեին»:

Բոյկոտի հիմնական պատճառը. պետությունում իշխանությունը ժողովրդից հափշտակված է, մարդկանց մի խումբ իշխանությունը վերցրել է իր ձեռքը կեղծ ընտրությունների միջոցով, եւ իշխանության ցանկացած վերաբաշխում որեւէ բան չի տալիս ժողովրդին եւ պետությանը:

Իշխանական թեւում եւս գիտեն, որ հանրաքվեն կեղծելու են, որովհետեւ հանձնարարությունները ստացել են: Ժողովրդի մեջ էլ կասկած չկա, որ կեղծելու են: Թե ոնց կարելի է այս պետությունում ապրել եւ խոսել «մի քայլ առաջի» մասին, երբ որ «կեղծված իշխանություններով, կեղծված հանրաքվեով» ուզում են սահմանադրություն անցկացնել` Վ. Մանուկյանը չի ըմբռնում:

Կեղծիքների դեմ ի՞նչ է պետք անել. «Մենք կվերահսկենք, եւ այստեղ հարց է առաջանում, թե ժողովուրդը տեր կկանգնի՞ իր իրավունքներին, կհավատա՞ իր ուժերին, համաձայն կլինի՞ դուրս գալ փողոցներ եւ պայքարել այն կեղծիքի դեմ, որը նորից պետությունը դնում է սարսափելի վիճակի մեջ»: Ըստ նրա` դա կախված է ժողովրդից. «Իմ կողմից, մեր կուսակցության կողմից, ընդդիմության շատ գործիչների կողմից կարող եմ ասել, որ եթե ժողովուրդն ուզում է` մենք առաջին շարքերում կլինենք, հարվածը մեր վրա կվերցնենք, բայց կփոխենք իրավիճակը»:

«Եթե կեղծիք է տեղի ունենում` ժողովուրդը բարոյական իրավունք ունի ապստամբության, բայց էստեղ ոչ թե հերոսների խումբ է պետք, այլ պետք է ժողովուրդ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ առանց ժողովրդի ցանկության ժողովրդին երջանկացնելը չարիք է», նկատեց Վ. Մանուկյանը:

Իսկ թե ժողովուրդը կարձագանքի՞ Վ. Մանուկյանի եւ մյուս ընդդիմադիրների կոչերին` պարզ կլինի նոյեմբերի 27-ին:

Մ. Խ.

Խմբ. կողմից - Մեր կարծիքով, ընդդիմության բոյկոտի բուն նպատակն է հետագայում շահարկել քվեարկությանը բոլոր չմասնակցողների թիվը եւ այն ներկայացնել որպես ընդդիմության կողմնակիցների քանակ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4