Հայաստանի նախագահը երեկ սլովենական «Դելո» թերթում հրապարակված հարցազրույցում ասել է, որ «եթե բանակցություններն սպառեն իրենց, չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կամ վերամիավորումը Հայաստանին»: Ըստ «Մեդիամաքսի», Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը ԼՂՀ-ն փաստացի ճանաչել է վաղուցՙ Ղարաբաղում օգտագործվում է հայկական դրամը, գործում է միասնական մաքսային գոտի եւ այլն: «Ընթանում է ինտեգրացիոն լուրջ գործընթաց, եւ Հայաստանի ու ԼՂՀ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես անհամաչափ համադաշնություն»:
Բաքուն առայժմ քաղաքագետների մակարդակով է արձագանքել Հայաստանի նախագահի մեկնաբանություններին: «Հայաստանը չի համարձակվի ճանաչել Ղարաբաղի անկախությունը», ասել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն, հավելելով, որ նման հայտարարությամբ Քոչարյանը մտադիր է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա: Ադրբեջանցի քաղաքագետ Այդին Միրզազադեն ասել է, որ եթե Հայաստանը ցանկանար, ապա կճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Նա նշել է, որ Քոչարյանի հայտարարությունը մի քանի օր կքննարկվի մամուլում, այնուհետեւ կմոռացվի, քանի որ «անլուրջ եւ անտրամաբանական է»: