Այս ժպտերես դեմքը Հայաստանում շատերը կճանաչեն, ավա՜ղ, արդեն միայն լուսանկարից: Մոսկվայում աննախադեպ հրդեհից ողբերգականորեն զոհվեցին Հայաստանի նկարիչների միության անդամ, ճանաչված ոսկերիչ Ռուբեն Սարվազյանը եւ նրա կինըՙ Նատաշան:
Վերջին 15 տարիներին նա ապրում էր Ռուսաստանի մայրաքաղաքում, բայց շարունակում էր տարածել հայ ոսկերչական արվեստի այն փառավոր ավանդույթները, որին ամենայնս տիրապետում էր ինքը:
Սիրում էր իր արվեստը, սիրում էր կյանքը, ընկերներին, շռայլ էր հոգով, առատաձեռն: Հիանալի թամադա էր, սրախոս ու հումորաշատ: Մասնակցեց բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների եւ եթե նույնիսկ վերադառնում էր ոչ որպես հաղթող, ապա պարտադիր ճանաչվում էր որպես միջոցառման ամենակոլորիտային մարդը:
Կյանքից անժամանակ հեռացավ Սարվազը. այդպես էին դիմում նրան ճանաչողները: Բայց շիրմաքարի վրայից էլ նա կշարունակի մարդկանց նայել իր ժպտուն, բարի, փոքր-ինչ հեգնական, փոքր-ինչ գաղտնալից հայացքով: