«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Է ԵՎ ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ»

Ռիչարդ Կիրակոսյանը ԱՄՆ Կոնգրեսի միացյալ տնտեսական հանձնաժողովի (Joint Economic Committee of the U. S. Cong-ress) հաստիքային աշխատակիցն է: Վաշինգտոնում բնակվող մեր հայրենակիցը մասնագիտացել է ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի, Ասիայի երկրների եւ Չինաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական խնդիրներով: Լոնդոնի Janes Information Group կենտրոնի վերլուծաբանն է:

- Մեր զրույցն սկսենք նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայացած ընտրություններով: Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ը Բաքվին անընդհատ հիշեցնում էր, որ խորհրդարանական ընտրությունները կարող են փորձություն դառնալ Իլհամ Ալիեւի համար, եթե կեղծվեն: Ընտրությունները կեղծվեցին, սակայն Վաշինգտոնը քննադատության տարափ չի թափում:

- Ադրբեջանի ընտրությունները դիտարկելու նպատակով մի քանի ամիս հետ գնանք, ինչպես դուք եք անում ձեր հարցադրման մեջ: Մենք կտեսնենք, որ ամերիկյան կառավարությունն անցյալ ամառ վերանայում էր իր քաղաքականությունը Բաքվի նկատմամբ: Սա փաստորեն երկար գործընթաց է, որը կապված է «մրգերի եւ ծաղիկների» բոլոր հեղափոխությունների հետՙ Վրաստանում, Ուկրաինայում, Կիրգիզիայում, ինչպես նաեւ ավելի քիչ չափով` Ուզբեկստանի եւ այն վտանգի հետ, որ երկիրը կարող է կախման մեջ ընկնել այնպիսի կառավարության ղեկավարից, ինչպիսին Քարիմովն է: Ամերիկյան տեսանկյունից կարեւոր է, որ ժողովրդավարությունն Ադրբեջանում արտահայտված լինի ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ անհատների: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություններ կան: Սխալ հաշվարկներ կան երկու կողմերում էլ, քանզի Վաշինգտոնը շարունակում է կարծել, թե Բաքուն դեռեւս իր բարեկամն է եւ անհրաժեշտ է նրան միայն փոքր ճնշում, որպեսզի ավելի ժողովրդավարական դառնա:

Բայց հակառակն են խոսում իրական փաստերը: Ալիեւը ամերիկացիների ճնշումը մեկնաբանում է որպես շարժում այլ ուղղությամբ, այն է` բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, առավել հեռանալ ՆԱՏՕ-ից եւ ավելի քիչ նայել ԱՄՆ-ի ուղղությամբ հատկապես հիմա, երբ կառուցված է նավթատարը: Մեկ այլ կարեւոր փաստ. նախընտրական բռնությունները, նախընտրական քարոզարշավը շատ հիասթափեցնող էին Վաշինգտոնի համար: ԱՄՆ-ում կարծում են, որ Ալիեւը չափազանց հեռուն է գնացել եւ չափազանց արագ: Սակայն հետաքրքրական է, որ երբ Ռասուլ Գուլիեւը փորձեց վերադառնալ Ադրբեջան, Ալիեւն, իմ կարծիքով, օգտագործեց դա որպես Բաքվի կլանային այլ տարրերի դեմ պայքարելու հարմար առիթ: Սակայն ամերիկյան տեսանկյունից նա չափազանց հեռու գնաց: Ալիեւի արածն ավելի շուտ թուլության դրսեւորում էր, այլ ոչ թե հզորության: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ իրական մարտահրավերն ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համար ոչ թե ընտրություններն էին, այլ թե ինչպես նրանք իրենց կդրսեւորեն ընտրություններից հետո: Այլ կերպ ասած, կկարողանա՞ արդյոք Ալիեւի վարչակարգը դիմակայել ընդդիմությանը, հեղափոխությանը: Սա կլինի փորձության իսկական ձախողում, քանի որ ադրբեջանական վարչակարգի իրական խնդիրը ոչ լեգիտիմությունն է, որը Ալիեւների դինաստիայում ժառանգական է: Եվ իսկապես, մինչեւ Իլհամ Ալիեւը, ադրբեջանական յուրաքանչյուր ղեկավար իշխանության է եկել պետական հեղաշրջման, կամ պետական հեղաշրջման սպառնալիքի ճանապարհով: Այլ կերպ ասած, Ալիեւը դաս է քաղել Ուզբեկստանից, Քարիմովից, որն իր երկրից վտարեց ամերիկացիներին: Ալիեւը մտածում է, որ կարող է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, ամերիկացիներն իր կարիքն ունեն, եւ մտածում է, թե ամերիկացիների վրա ազդելու լծակներ ունեն: Ալիեւը մեկ այլ դաս է քաղել Եգիպտոսից: Մուբարաքն առաջին անգամ թույլ տվեց, որ ընդդիմության ներկայացուցիչը պայքարի իր դեմ: Դրանք կեղծված ընտրություններ էին, սակայն ԱՄՆ-ի արձագանքը Եգիպտոսի ընտրություններին պարզապես միտում ուներ ցույց տալու առաջընթացը ժողովրդավարության ոլորտում: Ալիեւը նմանօրինակ արձագանք էր ակնկալում ԱՄՆ-ից, սակայն հիասթափություն ապրեց: Ներկայում ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները լավ հունով չեն ընթանում, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները բարդ եւ անհանգստացնող են, այնպես որ` Հայաստանը ներկայումս միակ կայուն երկիրն է տարածաշրջանում, եւ նրա կայունությունն ու անվտանգությունը ոչ թե հեղափոխության, այլ էվոլյուցիայի արդյունք է:

- Երկու տարի առաջ իշխանությունը հորից ժառանգելուց հետո Ալիեւ կրտսերը վեց անգամ այցելել է Ռուսաստան, բայց ոչ մի անգամ ԱՄՆ: Ադրբեջանական մամուլը պնդում է, որ ամերիկացիներն ուղղակի հրաժարվում են ընդունել Ալիեւին: Ամերիկացիները Ալիեւին դեպի Արեւմուտք, եվրատլանտյան կառույցներ թեքելու խնդիր ունե՞ն:

- Հարցին մոտենանք տարբեր տեսանկյուններից: Ամերիկյան տեսանկյունից երկու երկրներում էլ չկա ընդդիմության արժանի ներկայացուցիչ, ինչը զգալիորեն սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները: Ավելի լայն տեսանկյունից, ինչպես նշեցի, անցյալ ամռանը ԱՄՆ-ը վերանայում էր իր մարտավարությունը Ադրբեջանի հանդեպ, ահա թե ինչու էր Իլհամ Ալիեւը որոշել այցելել Սպիտակ տուն: ԱՄՆ-ի պատասխանը հետեւյալն էր. դու (Ալիեւը) կարող ես գալ Վաշինգտոն, բայց ոչ պաշտոնական այցով, եւ ոչ մի դեպքում քեզ չի թույլատրվի այցելել Սպիտակ տուն: Երկրորդ. Բաքու-Ջեյհանի բացման արարողությանն ակնկալվում էր պետքարտուղարի այցն Ադրբեջան, սակայն Կոնդոլիզա Ռայսը չժամանեց Ադրբեջան:

Հիմա ավելի լայն առումով նայենք. Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների բարելավումն Ադրբեջանում ամենահատկանշական միտումն է: Հայաստանը պետք է մտահոգվի, որովհետեւ դա կարող է բերել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության:

- Իլհամ Ալիեւը եւ Սաֆար Աբիեւը հաճախ հրապարակավ պնդում են, որ Ադրբեջանը պատրաստ է ազատագրել Ղարաբաղն ու հարակից տարածքները, եթե խաղաղ միջոցներն արդյունքներ չտան: Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ վիճակում է Ադրբեջանի բանակը:

- Ես կարող եմ պնդել, որ ադրբեջանական բանակի վիճակը հայկականից վատ է:

Սաֆար Աբիեւն ամենաերկարակյաց պաշտպանության նախարարն է ամբողջ նախկին Խորհրդային Միության տարածքում, որի պատճառը մեկն է` կոռուպցիան: Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանում կոռուպցիայի ամենագլխավոր «միջոցն» է: Աբիեւն իր պաշտոնը պահպանում է լոյալության եւ ոչ թե ռազմական իրազեկության կամ որակավորման պատճառով: Տարիներ շարունակ, չնայած ռազմատենչ հայտարարություններին, Ադրբեջանի զինուժը թերֆինանսավորվում է, ընդհանուր առմամբ բանակում տիրում է խղճալի վիճակ: Պատճառն այն է, որ Հեյդար Ալիեւի օրոք կար ընկալում, թե միակ վտանգը նրա իշխանությանը գալիս է բանակից: Ադրբեջանական թույլ բանակը Հայաստանի համար ավելի վտանգավոր է, քան պրոֆեսիոնալը: Ես գիտեմ, որ իմ ասածը սադրիչ է եւ ոչ ընկալելի, բայց ես խորապես համոզված եմ, որ ամերիկացիների կողմից ադրբեջանական բանակի վարժեցումը բխում է նաեւ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության շահերից: Կարծում եմ, որ ուժեղ, կարող հայկական զինուժը նույնպես կարեւոր է տարածաշրջանի կայունության, ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: Ամերիկյան ռազմական ներկայությունը Կովկասում ինձ չի մտահոգում, բայց մտահոգում է հետեւյալը. նրանց հեռանալուց հետո կարող է վակուում ստեղծվել, եւ եթե հայկական բանակը բավարար չափով հզոր չլինի, սա արդեն վտանգավոր է: Ինձ չի մտահոգում նաեւ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը, ոչ էլ խաղաղության համաձայնագիրը: Ես մտահոգված եմ, թե ինչպիսին է լինելու հետկոնֆլիկտային անվտանգությունը: Ահա թե ինչու Հայաստանի եւ ԼՂ-ի համար կարեւոր են անվտանգության երաշխիքները:

- Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Հինգ կամ տասը տարի անց Բաքվում կլինի՞ մի առաջնորդ, որը կունենա խիզախություն իր ստորագրությունը դնելու փաստաթղթի տակ եւ հրաժարվելու Ղարաբաղից:

- Յուրաքանչյուր լուրջ վերլուծաբանի կարծիքով ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադառնալու ապագա չունի: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի դեպքերով Ադրբեջանն ապացուցել է, որ ընդունակ չէ Ղարաբաղը պահելու: Ես Ղարաբաղի ապագան տեսնում եմ Հայաստանի կազմում, բայց լայն իրավասություններով: Այնուհանդերձ, Հայաստանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել գրավյալ տարածքները, բացի Լաչինից:

- Ձեր կարծիքովՙ Հայաստանն ինչպե՞ս է կառավարվում, մեր պետական համակարգն ինչքանո՞վ է բաց եւ թափանցիկ:

- Դրսի ուժերի համար` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, կայունությունը, կայուն գործընկերն ավելի կարեւոր է, կարճ ժամկետի առումով` ավելի կարեւոր, քան ժողովրդավարությունը: Հայաստանը ոչ միայն կայուն է, այլեւ հնարավորություն ունի ժողովրդավար դառնալու ինստիտուցիոնալ առումով: Փաստորեն, Հայաստանն ավելի առաջընթաց է ապրել, քան Վրաստանը եւ Ադրբեջանը, վերջինս այլ ուղղությամբ է շարժվում եւ նմանվում Կենտրոնական Ասիայի պետություններին: Հայաստանի խնդիրներից է պետական փակ, շատ փակ համակարգը: Երիտասարդները, ովքեր մուտք են գործում քաղաքական համակարգ, կամ կոռումպացվում են, կամ կեղտոտվում, եւ դա է մուտքի արժեքը: Իմ կարծիքով, Հայաստանի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը կոռուպցիան է եւ ոչ Ադրբեջանը կամ Թուրքիան:

- Մի կողմից Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի ռազմական գործընկերն է, մյուս կողմից` Երեւանը պնդում է, որ մտադիր է կապերը խորացնել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ: Հակասություն չե՞ք տեսնում եւ չեք կարծո՞ւմ, որ կգա մի պահ, երբ ռուսները կասեն` հերիք չեղա՞վ:

- Ես բոլորովին հակառակն եմ կարծում: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Հայաստանն ավելի շատ Ռուսաստանի համար պլատֆորմ է, քան գործընկեր: Այս համատեքստում Հայաստանը սխալվում եւ գերագնահատում է Ռուսաստանի ռազմավարական արժեքը, միեւնույն ժամանակ թերագնահատում իր ռազմավարական արժեքը Ռուսաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի կարիքն ավելի ունի, քան Հայաստանն է պատկերացնում: Տեսեք, ռուսական ռազմակայանը իրականում ռազմական առումով այնքան էլ կարեւորություն չունի, ավելի շատ քաղաքական նշանակություն ունի: Անհանգստացնող է այն, որ նախկին ԽՍՀՄ տարածքում Գյումրու ռազմակայանը միակն է, երբ տեղական իշխանություններն են վճարում ջրի, էլեկտրականության, հեռախոսի վարձերը: Սա ցուցիչ է, թե որքան անհավասարակշիռ է դարձել Հայաստանը: Սա վտանգավոր է: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ կապերը խորացնելու եւ ճկունության առումով Հայաստանի հնարավորություններն ավելին են, քան պատկերացնում է: Ի՞նչ է առաջարկում, ի՞նչ է իրականում Ռուսաստանը տալիս Հայաստանին: Ոչ այնքան շատ: Տարիներ շարունակ Հայաստանը գրավ է դրել իր ազգային անվտանգությունը: Կովկասն այսօր զրոյական արդյունքով խաղ չէ, երբ մի կողմը հաղթում է, մյուսը` պարտվում: Կովկասը պետք է դիտել ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական համատեքստում, ամերիկացիներն ու ռուսներն այսօր ավելի շատ ունեն համագործակցության, քան մրցակցության հնարավորություններ: Բայց ամեն դեպքում մեկ բան մենք պետք է հաշվի առնենք. ԱՄՆ-ը շատ հեռու է եւ միշտ էլ հեռու է լինելու, մինչդեռ Ռուսաստանը շատ մոտ է եւ մնալու է մոտ: Հայաստանը միշտ էլ հարաբերություններ է ունենալու Ռուսաստանի հետ, խնդիրը հավասարակշռության մեջ է:

- Թուրքիայի հավանական անդամակցությունը ԵՄ-ին կարո՞ղ է ստիպել Անկարային վերջ դնել Հայաստանի շրջափակմանը:

- Թուրքիան ԵՄ-ի կազմում շատ առումներով` տնտեսական, քաղաքական, ռազմական, դրական է Հայաստանի համար: Անդամակցության դեպքում Հայաստանը սահմանակցում է ԵՄ-ին, բայց ամենակարեւորը ռազմական առումն է: Թուրքիան ԵՄ-ի կազմում նշանակում է Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքի էական նվազում: Երբ նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, տեսանելի է, որ Անկարան այս հարցում Բաքվի պատանդն է: Այլ կերպ, Թուրքիան թույլ տվեց ռազմավարական սխալ` Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը դարձնելով Բաքվի պատանդ: Երբ ուշադրությամբ հետեւում ենք, տեսանելի է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն անկում են ապրում, ինչը կարեւոր բաղադրիչ է, նախապայման Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում: Թուրքիան վերափոխվում է, նայում դեպի Եվրոպա, Արեւմուտք: Սա Հայաստանի համար ավելի լավ է, քան եթե Թուրքիան նայի դեպի Արեւելք: Եթե Թուրքիան մերժվի ԵՄ-ի կողմից, ապա շրջվելու է դեպի պանթուրքական գաղափարախոսությունը, ինչը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար:

Զրուցեց ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հ. Գ. Նոյեմբերի սկզբում կատարված այս հարցազրույցի անգլերեն ընդարձակ տարբերակը կարդացեք մեր թերթի ինտերնետային էջում` www.archive.azg.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4