«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մոտ ապագայում լուծելու հնարավորությունները տեսանելի են դառնում: Նման համոզմունք է հայտնել ԵԱՀԿ-ում Բելգիայի Թագավորության հատուկ ներկայացուցիչ, սենատոր Պիեռ Շեւալյեն ԼՂՀ ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ հանդիպմանը, որ կայացել է օրերս ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքում: Նա հետաքրքրվել է, թե ինչպիսին է ԼՂՀ-ի դիրքորոշումը հարցի կարգավորման հեռանկարների վերաբերյալ, եւ այդ համատեքստում ինչ է ակնկալվում ԵԱՀԿ-ից:

ԼՂՀ ԱԳ նախարարը համառոտ ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, պատերազմի պատճառները եւ հետեւանքները, ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը: Արման Մելիքյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված էթնիկ զտումների եւ պատերազմի հետեւանքով փախստական դարձած 500 հազար հայերի խնդրի կարեւորությունը: Նա համոզմունք է հայտնել, որ փախստականներն իրավունք ունեն իրենց ընտրությամբ բնակություն հաստատելու նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում: ԼՂՀ իշխանությունները պատրաստ են պաշտպանել նրանց իրավունքները եւ ապահովել անվտանգ գոյությունն ու զարգացման հեռանկարն այն տարածքներում, որոնց վրա ներկայումս տարածվում է ԼՂՀ ինքնիշխանությունը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական-վերլուծական վարչությունից, զրույցի ընթացքում ընդգծվել է նաեւ եվրոպական կառույցների եւ ԼՂՀ-ի միջեւ չմիջնորդավորված հարաբարություններ հաստատելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում արցախյան կողմն առաջարկել է ընդլայնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի մանդատը` դրանում ներառելով նաեւ ԼՂՀ-ն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4