Իսկ հայերին զարմացնում է ռուսների անգործությունը
Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների խորացումը երբեք չի արվում եւ չի արվի հայ-ռուսական հարաբերությունների հաշվին կամ ի վնաս: Ինքըՙ Ռուսաստանը եւս զարգացնում է կապերը եվրատլանտյան կառույցների հետ: Սակայն, դատելով երեկ Երեւանում կայացած կոնֆերանսում ռուս փորձագետների ելույթների ոգուց, կարելի է պնդել, որ Մոսկվայում, համենայն դեպս, չեն ողջունում Արեւմուտքի, մասնավորապես Մ. Նահանգների էքսպանսիան Կովկասում եւ Հայաստանում:
Դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանելու Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Միխայիլ Ֆրադկովը վերաբացելու է «Արմենալ» գործարանը, փակելու է Հայաստանում Ռուսաստանի տարին, ինչպես նաեւ նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսաստանի վարչապետի այցի նախօրեին երեկ Երեւանում բացվեց գիտագործնական կոնֆերանսՙ «Հայաստան-Ռուսաստան. հայացք ապագային. համագործակցության տեխնոլոգիաները» թեմայով: Կոնֆերանսը վարում էր հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պանարինն իր ելույթում նշեց, որ Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի պաշտպանության նախարարի վերջերս Մ. Նահանգներ կատարած այցը: Քաղաքագետ Պանարինն ընդգծեց Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսի ակտիվ գործունեությունըՙ դա համարելով «Հայաստանում ամերիկյան տեղեկատվական էքսպանսիա»:
«Երեւանում ԱՄՆ նոր դեսպանատունը աշխարհում ամենամեծերից է: Մտահոգիչ է, որ հայտարարված 40 ծովային հետեւակայինների փոխարեն, ովքեր ապահովում են դեսպանատան անվտանգությունը, նախատեսվում է տեղակայել 400 ծովային հետեւակայիններ», ասաց Պանարինը եւ հավելեց, որ ամերիկյան այս ռազմական ներկայությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա ապակայունացնելու Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Ազգի» հարցմանը, թե ճի՞շտ են վերոնշյալ պնդումները, Երեւանում ԱՄՆ դեսպանության լրատվական բաժնից պատասխանեցին, որ Հայաստանում ամերիկյան դեսպանությունում երբեք չեն եղել 40, առավել եւս 400 ծովային հետեւակայիններ: Ներկայումս, նշեցին դեսպանությունից, կա 5 հոգանոց խումբ, որը բնորոշ է արտերկրում ամերիկյան բոլոր դեսպանություններին: Հետագայում ծովային հետեւակայինների ավելացումներ չեն նախատեսվում:
Հայկական կողմից ելույթներ ունեցողները համաձայն չէին իրենց ռուս գործընկերների շեշտադրումներին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հռետորական հարց տվեց. «Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Հայաստանին, ինչպե՞ս է զարգանում նրա քաղաքականությունը (Կովկասում): Մենքՙ փորձագետներս, դա չենք հասկանում: Մենք հասկանում ենք, որ գոյություն ունի ոչ թե մեկ Մոսկվա, այլ մի քանի Մոսկվա»:
Իսկանդարյանի կարծիքովՙ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը որպես արտաքին քաղաքականության օբյեկտ նոր երեւույթ է: «Ռուսաստանը չի համակերպվել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ վերաբերվել որպես արտաքին սուբյեկտների: Լեհաստանին եւ Ֆինլանդիային, որոնք եւս եղել են ռուսական կայսրության մաս, Մոսկվան արդեն չի վերաբերվում այնպես, ինչպես Բելառուսին կամ Ուկրաինային, այդ ժամանակն անցել է», ասաց նա:
Իր հերթին քաղաքագետ Պանարինը չհամաձայնեց իր հայ գործընկերների դիտարկմանը, որ Մոսկվան իր ռազմավարական գործընկեր Հայաստանի եւ կովկասյան մյուս հանրապետությունների հետ հարաբերվում է նույն կերպ: Մոսկվան քանիցս հայտարարել է, որ հավասար չափով զարգացնելու է հարաբերությունները ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ: Պանարինը հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումների 25 տոկոսն ունի ռուսական ծագում:
Ի դեպ, Հայաստանում ռուսական ներդրումները հիմնականում արտահայտվում են գազի եւ ատոմային վառելիքի մատակարարման տեսքով: Եվ քանի որ խոսք գնաց երկնագույն վառելիքի մասին, նշենք, որ 2006 թ. «Գազպրոմը» ծրագրում է կրկնակի թանկացնել Հայաստան եւ հարավկովկասյան մյուս հանրապետություններ մատակարարվող երկնագույն վառելիքը: Ենթադրվում է, որ հաջորդ տարվանից Հայաստանը 1000 խմ-ի դիմաց գործող 54-ի փոխարեն կվճարի 110 դոլար: