«Հանրաքվեի արդյունքները կեղծվել են ամենաքիչը 1 մլն ձայնով», հայտարարեց Ֆելիքս Խաչատրյանը
Ի հեճուկս ընդդիմության` 1 ժամից մեկնարկող հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ միտինգի եւ Եվրոխորհրդի դիտորդական առաքելությունների թեական գնահատականների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր երեկվա նիստում որոշում ընդունեց «ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունված համարելու վերաբերյալ:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ նման որոշման հիմք է հանդիսացել նախագծի արդյունքների արձանագրությունը: Հաշվի է առնվել, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը:
ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանի ներկայացրած արձանագրությամբ «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը 1 մլն 411 հզ. 711 է, «ոչ»-երի թիվը` 82 հզ. 18, անճշտությունները` 1582:
Որոշումն ընդունվեց 7 կողմով, 0 դեմով ու ձեռնպահով, քվեարկությանը հրաժարվեց մասնակցել հանձնաժողովի միակ ընդդիմադիր Ֆելիքս Խաչատրյանը:
Որոշումը ստորագրելու արարողությունից առաջ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց. «Հանրաքվեի արդյունքները կեղծվել են ամենաքիչը 1 մլն ձայնով... Այդ կեղծիքների մեջ զգալի դերակատարում է ունեցել հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, որ իր ընդունած որոշումներով, անհետեւողականությամբ նպաստել է այսպիսի արդյունքների ստացմանը»:
«Միջազգային դիտորդական կազմակերպություններից հանրաքվեի քվեարկության ընթացքում ԿԸՀ-ն ոչ մի գրավոր դիմում չի ստացել, ո՛չ բողոքի, ո՛չ էլ այլ կարգի, չնայած այդ առաքելությունների եզրակացության մեջ ուղղակի հղում կա ԿԸՀ-ին` պատասխանատվության ներկայացնել քվեատուփերի լցման, կեղծիքների հեղինակներին: Գարեգին Ազարյանը հավաստիացրեց, որ նրանք կպատժվեն այնպես, ինչպես տեղական ինքնակառավարման ընտրությունների կեղծարարները:
Հանձնաժողովի նիստին չէր մասնակցում «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը:
Կ. Դ.