«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ԻՍԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Մ. Նահանգները հայտարարել է, որ Հայաստանում հանրաքվեի ներկայացրած դրույթների բովանդակությունը կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանում ժողովրդավարության ուժեղացման համար: Մյուս կողմից, պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում, ըստ «Մեդիամաքսի», ափսոսանք է հայտնվում, որ «Հայաստանի կառավարությունը որոշեց դիտորդներ չհրավիրել ԵԱՀԿ-ից, որոնք կարող էին ավելի մեծ արժանահավատություն ապահովել քվեարկության արդյունքների հանդեպ»:

Վաշինգտոնը Երեւանին հորդորում է հետաքննել Եվրոխորհրդի դիտորդների հաղորդած լուրջ չարաշահումների եւ խախտումների դեպքերը: «Մենք կիսում ենք ԵԽ ափսոսանքը, որի դիտորդները լուրջ կասկածի տակ են առել Հայաստանի կառավարության ներկայացրած տվյալները հանրաքվեի մասնակիցների վերաբերյալ», ասվում է հաղորդագրությունում:

Մինչ Մ. Նահանգները եւ Եվրոխորհուրդը խիստ կասկածում են Երեւանի ներկայացրած թվերին, համաձայն որոնց նոյեմբերի 27-ի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,4 մլն մարդ, Հայաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ «բարեփոխված սահմանադրությունը հարթում է Հայաստանը 21-րդ դարի ծաղկուն երկիր դարձնելու ուղին»: Հայաստանցիներին ուղղված ուղերձում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նկատում է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի ընթացքում միանշանակ եւ վճռական «այո» ասելու կապակցությամբ: Սա մեծ հաղթանակ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում»:

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունմանն ակնհայտ կողմ էին արտահայտվել եվրոպական կազմակերպություններն ու Մ. Նահանգները: Հավանաբար սա էր գլխավոր պատճառը, որ ժողովրդավարություն քարոզող Արեւմուտքը աչք է փակում նոյեմբերի 27-ի հանրաքվեում տեղ գտած զանգվածային խախտումների նկատմամբ: «Ազգը» Հայաստանում ԵՄ անդամ երկու դեսպանների հետ ունեցած մասնավոր զրույցում տեղեկացավ, որ հանրաքվեի ընթացքում տեղ գտած չարաշահումների (խրձերով քվեաթերթիկներ լցնելու) առումով նոյեմբերի 27-ն աննախադեպ էր:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4