Փաստում է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը
Հանրաքվեին հասարակության մասնակցության նախնական տվյալները հրապարակել են ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ընդդիմադիր թեւերը: Դրանք ժամը մեկ ներկայացնելուց վստահությունը չի ավելանում: Առանձնապես վստահության չեն արժանանում նաեւ ընդդիմության հրապարակած տվյալները: Դրանք հավատ չեն ներշնչում նաեւ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունում (ՀԿ): Նախնական պաշտոնական տվյալներն ուռճացված են, ընդդիմադիրների տվյալները ստույգ չենՙ կազմակերպության գնահատականով: 1300 ընտրատեղամասում երկու հերթափոխով դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ գնահատականի առաջին մասը բացատրվում է իրենց արձանագրած հասարակության պասսիվությամբ, երկրորդըՙ ընտրատեղամասերում ընդդիմության ներկայացուցիչների բացակայությամբ:
Երեկ ժուռնալիստի տանը հրավիրված ասուլիսում ներկայացրած կազմակերպության նախնական զեկույցը փաստարկումներով հիմնավորված եզրահանգում է ներառում.«ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում չի պահպանվել ընտրագործընթացների օրինականությունը»:
Կազմակերպության վկայությամբՙ եղել են ե՛ւ լցոնումներ, ե՛ւ նույն անձանց կրկնաքվեարկություններ, ե՛ւ քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտումներ, ե՛ւ անճշտություններ ցուցակներում, ե՛ւ վախի մթնոլորտ, ե՛ւ դիտորդին ընտրատեղամաս չթողնելու, ֆիզիկական վնասվածք հասցնելու փաստեր... Կոնկրետ վերջինը տեղի է ունեցել «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետՙ դիտորդական գործունեության ընթացքում: Իսկ Նոր Նորքի բոլոր ընտրատեղամասերում 7-9-ական մարդ իր անունը չի գտել ցուցակներում, բայց եւ չի դիմել դատարան: Յուրաքանչյուր ընտրակեղծիք, ըստ կազմակերպության ղեկավարի, որոշակի ազդեցություն է ունեցել հանրաքվեի արդյունքների վրա, իսկ չափերի ճշգրտումը մնաց ակնկալել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Վերջնական հստակեցումներն ու տվյալները ներկայացնելուց առաջ հանձնաժողովում կունենան կազմակերպության տասներկու էջանոց զեկույցը, որը փաստում է բազում կեղծիքներ ու խախտումներ:
Վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում էլ դիտորդական գործունեություն իրականացրած «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավարները փաստելով հանդերձ, որ ընդդիմության մասնակցությունն այլ պատկեր կարող էր ապահովել գոնե կեղծիքների առումով, այնուամենայնիվ մի կետում համակարծիք են ընդդիմության հետ: Հանրաքվեի համեմատությամբ 2003 թվականի նախագահական ընտրություններն անցել են ավելի քիչ կեղծիքներով ու խախտումներով:
Կազմակերպությունում ոչ շահեկան այս գնահատական-համեմատությունը բացատրվում է միայն հասարակության ակտիվության տարբեր չափերով, այսինքնՙ հանրաքվեի դեպքում կեղծումներն ավելի շատ էին, քանի որ մասնակցությունն էր քիչ: «Ընտրությունը քոնն է» ՀԿ գնահատականների անաչառությունն ու հավաստիությունը կասկածի ենթակա չեն, ըստ կազմակերպության ներկայացուցիչների, քանի որ յուրաքանչյուր կեղծման փաստ զեկույցում ներկայացված է անհրաժեշտ մանրամասնություններով, տեղի, գործող անձանց մատնանշմամբ:
Միջազգային դիտորդների գնահատականը հանրաքվեի ընթացքին ՏԻՄ ընտրություններին տված գնահատականի համեմատությամբ ՀԿ ղեկավարությունն ավելի անաչառ գտավ. «Տասնչորս անձով ավելին նկատել ու ավելին ասել չէին կարող եւ չէին էլ կարող համոզված լինել»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ