«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՓԱԿՎԵՑ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Ընդդիմությունը դեռ հույս ունի չեղյալ հայտարարելու հանրաքվեի արդյունքները

Եվրոպական դիտորդները, նրանցից հետո նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի եվրոպական եւ եվրասիական հարցերով գրասենյակը հանրաքվեին տվեցին մի գնահատական, որը չի կարելի ասել, թե անսպասելի էր: Եվրոպացիների ուղարկած դիտորդների թիվը, ժամանակին բուքիքիոների եւ այլոց շուրթերով հնչած «դաբրոները»` մի քանի ամսում «իջեցված» սահմանադրական փաթեթին, հենց այդ էին հուշում: Ի՞նչ է, հո չէին ասելու, թե վենետիկյան հանձնաժողովի հավանությունը տրվել է մի փաստաթղթի, որի առաջադիմական անվանված լինելու վրա հայերի մի զգալի մասը թքած ունի: Չէ, միամիտ ժողովուրդ ենք հայերս, դեռ մի բան էլ եվրոպացիների ասուլիսին «մուննաթ» էինք գալիս, թե ինչո՞ւ եք երկակի ստանդարտով աշխատում: Մեզ վրա «մուննաթ» գանք, մեր ընդդիմության եւ իշխանության, որոնք արժանի են իրար: Մեր լրատվամիջոցներին ուղերձ անենք, որի մի կողմը ողջ ընթացքում զբաղվեց մուլտիպլիկացիայով, մյուսը` դիմացինին արժանի հակաքարոզչությամբ: Մեր քաղաքական այրերից նեղանանք, երկու կողմի էլ` վերջին օրերի սրբերի կերպարանքի եւ պահվածքի համար, ինչի արդյունքում հասարակությունը, որպես այդպիսին, երկրից բացակայում է, ժողովուրդը, որպես այդպիսին, փակվեց Մհերի քարայրում եւ այլեւս հազիվ թե այնտեղից դուրս նայի շատ երկար ժամանակ:

Անտարբեր, ես կասեի` սուպերանտարբեր դարձած այս ժողովրդին հիմա կուզես խորհրդարանական, կուզես նախագահական ընտրությունների տար, կուզես համամոլորակային հանրաքվեի, կուզես ընկույզ կոտրիր նրա հավաքական գլխին` նույն արդյունքն է լինելու, նա ոչ մեկիդ կոչին այլեւս չի ար-ձա-գան-քե-լու` բանի տեղ չեք դնում նրան: Այսքանից հետո զարմանալի է, որ ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու հույս ունի, դիմում է ԿԸՀ, նրան 72 ժամ է տալիս, իսկ ուրբաթ նորից հանրահավաքի է կանչում էս խեղճ ժողովրդին: Նայում ես` տեսնում կուսակցական ակտիվիստների հետ նաեւ անհույս աչքերով մարդիկ, որոնք չգիտեն այլեւս ո՞ւմ հետ հույս կապեն: Նստեք ձեր տարբեր գույնի ու չափի մեքենաները, գնացեք տուն, շատ կարեւոր ընդդիմադիրներ, իսկ դուք, հարգելի իշխանավորներ, մի նեղ «կռուգով» գնացեք «Բելաջիոյում» հանրաքվեի «այո»-ն նշելու, բայց լավ կլինի հետո ձեր վարորդներին հանձնարարեք` մեքենաները հեռացնել հարակից ճանապարհահատվածներից, ձեր պատճառով երթեւեկությունը խանգարվում է եւ հասարակ հայ մարդիկ են զոհվում:

Հիմա կարելի է նաեւ մտածել, թե անգամ հերթական ընտրությունների գնալն է վտանգված. մարդկանց հոգիներում, պարզ երեւաց, արթնացրին խորհրդային ժամանակի աչքակապությունը, երեսպաշտությունն ու սուտը, մի փոքր առողջացած ժողովրդին հիվանդացրին վերջին տարիների գավառական փոխհարաբերություններն ու մտածելու սովորույթի այպանումը: Հիմա դեռ երկար ենք ապրելու սեւ-սպիտակ քաղաքականների, սեւ-սպիտակ քարոզչության ամայացրած գորշագույն դաշտում: Ինչու, որովհետեւ ընդդիմության գորշությունը ընկնում է իշխանության վրա եւ լիարժեք անդրադարձվում, իսկ ժողովրդին սարքեցին չուլ: Ժողովրդի մասին առայժմ մոռացեք. որ Պողոս առաքյալն էլ գա` այս պահին չի արձագանքելու: Հենց ընդդիմադիրներից մեկի խոսքով իրավիճակի գնահատականը տանք. անցած հինգշաբթի դեռ Վազգեն Մանուկյանն էր ասում, թե առանց ժողովրդի ժողովրդին երջանկացնել ցանկացողները չարիք են:

Այս իրավիճակից ելք, իհարկե, կա: Խաղաղվել, հանգիստ վերլուծել մինչեւ այժմվա գործելակերպը. փաստորեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը այս հանրաքվեով վերջին հնարավորությունն ունեցան վերլուծելու սեփական սխալները, նկատելու ժողովրդի վերաբերմունքը եկուսի էլ հանդեպ եւ այդ վերաբերմունքն ամեն ինչ ասում է: Դե լավ, ընդդիմությունը թող մինչեւ ուրբաթ` ԿԸՀ-ին տված 72 ժամվա վերջը, հույս կապի, բայց հո ուրբաթ արդեն կտեսնի, որ անիմաստ գործընթաց է սկսել: Ամենակարեւոր եզրակացությունն առկա է եւ մի լրացուցիչ անգամ ընդամենը կհաստատվի ուրբաթ օրը: Այս քաղաքական ուժերն այս պատկերով, նույն կարգախոսներով ու կոչերով (ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը) նոր ընտրությունների չեն կարող գնալ: Նրանցից եւ ոչ մեկին այլեւս չեն սիրում. թեեւ սերը քաղաքական կատեգորիա չէ, բայց մեր ժողովուրդը շարունակում է առաջնորդվել սրտով: Եթե երկու կողմն էլ դա չհասկանա` տարածաշրջանում քաղաքականություն կռող քաղտեխնոլոգները հո կհասկանան, եթե արդեն չեն հասկացել: Միշտ էլ կա երրորդ տարբերակ, որը հազիվ թե իշխող էլիտայի (ընդդիմադիր եւ իշխանական) սրտով լինի, եւ որի դեպքում ավելի շուտ կկորցնենք, քան կշահենք:

«Ազգ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4