«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ԼԻԲԱՆԱՆԻ ԳԱՂՈՒԹՆ ԱՊՐՈՒՄ ՈՒ ՇՆՉՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

Բեյրութի 46-ամյա «Վ. Փափազյան» թատերախումբը, որի հիմնադիրն է ՀԲԸ միության Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ) վարչությունը, պրոֆեսիոնալ թատրոնի ճանաչում ունի ոչ միայն Լիբանանում, այլեւ Կիպրոսում, Հորդանանում, Հալեպում, Դամասկոսում, Մարսելում, Լոնդոնում, ԱՄՆ-ում եւ, իհարկե, Հայաստանում: Անդրանիկ հյուրախաղը մայր հայրենիքում կայացել է 33 տարի առաջՙ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» բեմադրությամբ, որտեղ Աբիսողոմ աղայի դերում հանդես է եկել թատերախմբի առաջատար դերասան Գրիգոր Սաթամյանը: «Վ. Փափազյան» թատերախումբն իր գործունեության ընթացքում տվել է մի քանի տասնյակ անվանի դերասաններ, որոնք այնուհետեւ զարդարեցին տարբեր թատրոնների խմբերը: Հինգ տարի առաջ «Վահրամ Փափազյան» թատերախումբը նոր շնչով ու նոր բեմադրություններով սկսեց թատերաշրջանը շնորհիվ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ, ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի: Պրն Ղազանչյանը Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղ. ղեկավար լինելուց բացի, ընդունել է փափազյանականների հրավերն ու ամեն տարի մի նոր բեմադրություն է նվիրում լիբանանցի թատերասերներին: Ահա դրանք. Թենիսի Ուիլյամսՙ «Մենակության վերջին կանգառը», Էդուարդո դե Ֆիլիպո «Երեխաները երեխաներ են մնում», Հակոբ Պարոնյանՙ «Պաղդասար աղբար», «Ատամնաբույժն արեւելյան», Ջոն Պատրիկՙ «Խաղաղ մենաստան»: Իսկ Վահրամ Փափազյանի 100-ամյակին նվիրված «Այս երեկո Փափազյանի հետ» գործը մեծ ընդունելության արժանացավ, որի բեմականացման եւ բեմադրության հեղինակ Երվանդ Ղազանչյանը թատերախումբը համարեց քույր թատրոն պարոնյանցիներին ու ինչպես հաճախ արտահայտվում է պրոֆեսորը. «Թատրոնն իմ սիրուհին է, իսկ փափազյանցիներըՙ առաջինը...»:

Այս օրերին պարոնյանցիներին հյուրընկալվել է «Վ. Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: Հանդիպելով պրն Ավետիքյանին, զրուցեցինք թատերախմբի ծրագրերի մասին եւ տեղեկացանք, որ այս անգամվա այցը կապված է թատերախմբի առաջիկա մարտին թատերաշրջանի բացման համար նոր բեմադրվելիք պիեսի որոշման հետ: Թատերախմբի վարչությունը ներկայացված երեք պիեսներից վերջնականապես ընտրել է Տիմիթրիս Փսաթասի «Պահանջվում է ստախոս» 3 մասանոց կոմեդիան, որը բեմադրելու համար կրկին հրավիրվել է փափազյանականների կնքահայրըՙ Երվանդ Ղազանչյանը: Թատերախումբը տարեկան 10 անգամ իր հանդիսատեսին ներկայացնելով հերթական պրեմիերանՙ շրջագայում է ու նոր թատերաբեմեր նվաճում, դերասանների հետաքրքրական, համով ու հոտով հումորով, դերասանական ճկուն խաղով ու կերպարի մատուցմամբ:

Երվանդ Ղազանչյանի համար Բեյրութը հարազատ օջախ է դարձել եւ ամեն տարի մեծ սիրով է գնում բեմադրության: «Ես դեռ Բեյրութում չեմ հանդիպել մարդկանց, որոնք թատրոնը չսիրեն, թատրոնին չօգնեն, չնայած որ ամեն մեկն իր գործն ունի, բայց այն նվիրումը, որ կա, պարզապես հիացնում է: Մի գնահատելի բան եւս, որ միշտ ցանկանում ես նոր պիես բեմադրելՙ «Փափազյան» թատրոնում չկա բառը չկա, եւ շատ կուզեի, որ գոնե մեր որեւէ թատրոն ունենար նման իրավիճակ», ասում է պրն Ղազանչյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4