Ռուսաստանի Դաշնության տարվա անցկացումը Հայաստանում ընդգրկել է շուրջ 120 համատեղ միջոցառումներՙ քաղաքական, տնտեսական, հումանիտար, գիտատեխնիկական եւ միջազգային բնագավառներում: 2005-ի դեկտեմբերի 2-ից 5-ը Երեւանում (կառավարության նիստերի դահլիճ) տեղի կունենան ռուսական ազգային ցուցահանդես եւ տնտեսական համաժողով, որը մինչ այժմ անցկացված ՌԴ տարվա ծրագրի կարեւորագույն մասերից մեկն է: Ցուցահանդեսին ներկայացվելու են տրանսպորտի, էներգետիկայի, սննդի սարքավորումների, էլեկտրոնիկայի, սարքաշինության, գունավոր մետալուրգիայի, քիմիական նյութերի արտադրության, ֆինանսաբանկային համակարգի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժիններ եւ այլն:
Ռուսաստանի ազգային ցուցահանդեսի շրջանակներում երկկողմի համագործակցության խնդիրներով դեկտեմբերի 3-ին կանցկացվի տնտեսական համաժողով: Համաժողովին մասնակցելու են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՌԴ վարչապետ Միխ. Ֆրադկովը, ՌԴ եւ ՀՀ պաշտոնական անձինք, ՀՀ սահմանամերձ երկրներից գործընկերներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ