«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ԱՆԽԱՐԴԱԽ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ

Ալբերտ Յավուրյանի մեծարումը Թեքեյան կենտրոնում

Ոչ հոբելյանական մեր զրույցներից մեկի ժամանակ Ալբերտ Յավուրյանն ասաց. «Չգիտեմ, ինձ երջանիկ մարդ համարեմ, թե՞ տառապյալ»: Ու ես ճիշտ հասկացա նրան, որովհետեւ արվեստում երջանկության մի կումն զգալու համար հզոր տառապանքների միջով պիտի անցնես, այնպիսի տառապանքներ, որոնք հասու չեն շարքային, սովորական մարդուն: Այսպես է ապրել Ալբերտ Յավուրյանըՙ աշխարհիկ սիրունությունների հետեւում չտեսնելով հավերժական գեղեցկությունները, ապրել է կատարյալին ձգտելով: Դրա ապացույցն են նրա ստեղծած (նկարահանած) ֆիլմերըՙ «Բարեւ, ես եմ» (1965 թ., ՀՀ պետական մրցանակ), «Երջանկության մեխանիկան» (1983 թ., ՀՀ պետական մրցանակ), «Աշուղ Ղարիբ» (1984 թ., ԽՍՀՄ «Նիկա» մրցանակ), «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենի» եւ այլն: Նա համագործակցել է այնպիսի ճանաչված ռեժիսորների հետ, որպիսիք են Սերգեյ Փարաջանովը, Ֆրունզե Դովլաթյանը, Գրիգոր Մելիք-Ավագյանը, Ներսես Հովհաննիսյանը, Կարեն Գեւորգյանը, Դմիտրի Կեսայանցը: Սերգեյ Փարաջանովի հրավերով «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, իսկ 1986 թ.-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում դարձյալ Սերգեյ Փարաջանովի հետ սկսեց նկարահանել «Խոստովանություն» ֆիլմը, որը ռեժիսորի մահվան պատճառով մնաց անավարտ:

1991 եւ 1994 թվականներին Իրանում Ալբերտ Յավուրյանը նկարահանել է երկու կինոնկարՙ «Տովարիշչ» եւ «Զինապարտ» (Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «օպերատորական լավագույն աշխատանք»):

1977 թվականից Ալբերտ Յավուրյանը մանկավարժական գործունեություն է իրականացնում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 1997 թվականից պրոֆեսոր Յավուրյանը ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնի վարիչն է: 2002 թվականից «Նիկա» կինոարվեստի ակադեմիայի անդամ է: Արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, այդ թվումՙ «Մովսես Խորենացի» մեդալի (1997 թ.):

Եվ ահա երեկ Թեքեյան կենտրոնում մեր բազմավաստակ օպերատորի մեծարման երեկոն էր, որը չգիտես ինչու կազմակերպիչըՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը անվանել էր ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Դահլիճում նստած ու ոտքի վրա գտնվող շատ ու շատ մարդկանցից երիտասարդ Ալբերտ Յավուրյանը բնավ էլ համաձայն չէր այս 70 տարվան, թեեւ հայ կինոյում ունեցած իր վաստակն օպերատորական մի ամբողջ սերնդի կբավականացնի:

Ողջունելով հոբելյարին եւ նրան մաղթելով նորանոր հոբելյաններ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության նախագահ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանն Ալբերտ Յավուրյանին հանձնեց Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւըՙ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը (թվով 12-րդը), որին Ա. Յավուրյանն արժանացել է հայ մշակույթի ոլորտում եւ Թեքեյան միության շրջանակներում լավագույն գործունեության համար:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը, որը փայլուն գիտի հայ կինոյի պատմությունը, բարձր գնահատեց Ալբերտ Յավուրյանի ստեղծագործությունը, չմոռանալով շեշտել նրա մարդկային ընտիր արժանիքները: «Տարիներ շարունակ արվեստագետների առանձին խմբեր միշտ էլ հավաքվել են ու խոսել իրենց գործընկերների մասին, ասաց Հասմիկյանը, երբեմն նաեւ քննադատել նրանց ստեղծագործությունը եւ մարդկային էությունը: Բայց քննադատությունից գրեթե դուրս է եղել մեր հոբելյարը, որովհետեւ եթե իր ստեղծագործության մեջ ինչ-որ բան կատարյալ չի եղել, ապա միշտ էլ բյուրեղյա մաքրությամբ է փայլել այս մարդը»: Լսելով Սուրեն Հասմիկյանի այս խոսքըՙ հիշեցի մեծն Վահան Տերյանին, որն ասում էր. «Առավել կարեւոր է լավ մարդ լինելը, քան լավ բանաստեղծ: Լավ մարդ լինելու համար ավելի մեծ արվեստ է պահանջվում»:

60-ական թվականները ոչ միայն հայ կինոյի, այլեւ հայ մշակույթի համար ստեղծագործական վերելքով լեցուն հզոր տարիներ էին: Այդ ժամանակների երեւելիներից մեկըՙ Պերճ Զեյթունցյանը ոչ միայն իր ընտիր գրականությունն է ստեղծել, այլեւ գրել է կինոսցենարներ: Ահա այդ սցենարներից մեկըՙ «Երեւանյան օրերի խրոնիկան», նկարահանման հրապարակում միմյանց կողք-կողքի կանգնեցրեց Ֆրունզե Դովլաթյանին, Ալբերտ Յավուրյանին, Պերճ Զեյթունցյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Խորեն Աբրահամյանին: Որեւէ ֆիլմի համար ավելի հզոր կազմ գտնելը դժվար կլիներ:

«Ասա, թե որ ռեժիսորների հետ ես աշխատել, ասեմ ինչ որակի օպերատոր ես դու, բանաստեղծական իր խոսքում (ինչպես միշտ) ասաց արձակագիր ու դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը: Իսկ Ալբերտ Յավուրյանն աշխատել է ոչ ավելի, ոչ պակասՙ Ֆրունզե Դովլաթյանի եւ Սերգեյ Փարաջանովի հետ: Նա, մեր լավագույն օպերատորը, ոչ թե ֆիքսում է սցենարի եւ ռեժիսորի պարտադրած իրականությունը, այլ եռամասնության մասն է կազմում, որովհետեւ իր պես ազնիվ ստեղծագործողն այլ կերպ երբեք չի աշխատել: Երեք տարի տանջվեցինք այս ֆիլմն ստեղծելու համար, որովհետեւ նկարահանում էինք, գնում Մոսկվա, հետ գալիս, կրկին անգամ նկարահանում արդեն պատրաստի տեսարանները: Ի վերջո, մենք ֆիլմը հասցրինք հաջող վախճանի: Մենք երկուսս էլՙ ես էլ, Ալիկն էլ շատ էինք հավատում Ֆրունզե Դովլաթյանին: Այս հավատն էլ մեզ օգնեց ֆիլմն ավարտել... Երբ այսքան տարիների հեռվից կշռում-դատում եմ իմ ժամանակակից արվեստագետներին, զարմանքի նման մի բան է ստեղծվում մեջս. Ալբերտ Յավուրյանը կարգին մարդ է, ախր շատ կարգին մարդ է մեր իրականության համար: Այդքան կարգին մարդը շատ է գուցե մեզ համար...»:

Ու, ահա, այս կարգին մարդուն, պրոֆեսիոնալ ամենաբարձր մակարդակի տեր մարդուն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հանձնեց նախարարության բարձրագույն պարգեւըՙ ոսկե մեդալը: Այս ադամանդին ու ոսկուն ավելացավ եւս մեկ ոսկիՙ «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակը: Իսկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը համալսարանի պրոֆեսորին պարգեւատրեց պատվավոր դիպլոմով:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան, կինոռեժիսոր Արման Մանարյան, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անունիցՙ Դավիթ Մուրադյան, երգիչներ Ռուբեն Մաթեւոսյան եւ Մանիկ Գրիգորյան... Շնորհավորանքները, բարի ցանկությունները, լուսավոր խոսքերը հաջորդում էին մեկը մյուսին: Կարծես ուրիշ տեղում էինք եւ ուրիշ ժամանակում (չարություն ու նախանձ չկար բնավ)...

Ու շնորհակալություն Ալբերտ Յավուրյանին, որ կա, մեր կողքին է, որ իր շնորհիվ այսպես բարի ու անչար դարձանք:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4