«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


«ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Ռուսաստանյան հեռուստաակադեմիայի անդամները հրապարակեցին 2005թ-ի «Տեֆի» հեռուստամրցանակին արժանացածների ցուցակը: Ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 475 աշխատանք: «Հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» նոմինացիայում ներկայացված էին երեքը. «Վեկտոր-Ռուս» հեռուստաընկերության արտադրած «Ա. Շնիտկե. Հոգին շնչում է, որտեղ ուզում է», Յունայթեդ Մուլտիմեդիա Պրոջեքսի «Ֆրունզիկ Մկրտչյան. Միայնության պատմություն» եւ «Ռիսկ» կինոստուդիայի «Մարինյան կրքեր» ֆիլմերը:

Եվ երեք ֆիլմերից լավագույնն է ճանաչվում «Ֆրունզիկ Մկրտչյան. Միայնության պատմությունը», վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է հայ դերասանի մասին, բայց օտարազգի ռեժիսորի կողմից: Ֆիլմ, որն իր մեջ պարունակում է այնքան սեր, այնքան հարգանք հերոսի նկատմամբ, որ հուզում է ամեն դիտողի: Երբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում, հայ հեռուստադիտողի մոտ առաջացած տպավորությունը ցնցող էր, ի հարկե դա կարող էր այլ պատճառ ունենալ. Ֆրունզիկը մերն էր: Բայց ֆիլմի մրցանակի արժանանալն այլ բան է ասում. նման դերասանները բոլորինն են, անկախ ազգային պատկանելությունից:

Ռեժիսորը Մարգարիտա Լավեցկայան է, սցենարի հեղինակը` Յանա Շարբունաեւան, պրոդյուսերը` Նիկիտա Եվգանը: Անուններ, որոնց շնորհիվ հայ ժողովրդական դերասանը եւս մեկ անգամ վերականգնվեց հեռուստադիտողի հիշողություններում: «Նա ազգի սիրելին էր եւ ոչ միայն. Ֆրունզիկը փոքրիկ երկրի` Հայաստանի խորհրդանիշն էր: Մեծ ու փոքր տնօրենների գրասենյակներում հանրապետության ու կուսակցության ղեկավարների նկարների կողքին կախված էր նաեւ Մհեր Մկրտչյանի նկարը : Նա երազում էր տխուր դերերի մասին, բայց նրան միշտ տալիս էին կատակերգություններ: Նրա հերոսների խոսքերից շատերը դարձան թեւավոր, դրանք կրկնում էր ամբողջ երկիրը: Նա սիրում էր կանանց, իսկ վերջիններս նրան ուղղակի պաշտում էին, բայց եւ ոչ մեկը չկարողացավ երջանկացնել դերասանին: Նա մահացավ մարմարե գետնախարիսխում, որտեղ անցան նրա կյանքի վերջին րոպեները»: Այսպիսի բնութագիր ունի մեր սիրելի դերասանը «Միայնության պատմությունում»:

ԷԼԻԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4