19-րդ եւ 20-րդ դարասկզբի հայ կանանց հասարակական գործունեությունը այսօր դարձել է ուսումնասիրության առարկա եւ տարածաշրջանային ծրագրի առանցք: Վրաստանում եւ Ադրբեջանում էլ նմանատիպ ուսումնասիրություններ են կատարվել նույն ժամանակահատվածում այդ երկրների կանանց հասարակական գործունեության շուրջը: Մեզ մոտ այդ աշխատանքը պատասխանատվությամբ ու ջանադրությամբ կատարել է Անահիտ Հարությունյանը: Ուսումնասիրության հիմնական նյութը քաղվել է տվյալ ժամանակի հայկական մամուլից եւ Անահիտ Հարությունյանի փաստմամբ, քիչ չի եղելՙ ճիշտ հակառակը. «Տարածաշրջանային ծրագիր էր եւ առավել պատասխանատվությամբ ենք աշխատել, չնայած ակնհայտ էր, որ զուտ պատմական կտրվածքով Հայաստանը շահեկան վիճակում է եւ մնում է բարեխղճորեն ու արժանավայել ներկայացնել այդ իրականությունը»: Այս մոտեցմամբ էլ մեր օրերում հասարակական գործունեություն ծավալած հեղինակը շուրջ մեկ տարվա աշխատանքի արդյունքում ընթերցողին է ներկայացրել «Երեւելի տիկնանց դարը» ուսումնասիրությունըՙ հայերեն (500), ռուսերեն (400), անգլերեն լեզուներով: Չնայած տվյալ ժամանակը, պատմությունը, արեւելահայ ու արեւմտահայ իրականությունում հայ կանանց ծավալած հասարակական գործունեությունը ուսումնասիրությունում ներկայացված է բավական համապարփակ, սակայն հեղինակը այն համեստորեն գնահատեց. «Ժամկետները սահմանափակ էին, եւ այս աշխատությունն իր տեսակում առաջինը լինելով նաեւ մեկնակետ է: Այլ ժամանակային հնարավորության դեպքում ծավալներն ու խորությունը ավելին կլինեին: Ամեն դեպքում հնարավոր եղավ անհրաժեշտ նյութերն ուսումնասիրել, ընդհանուր պատկերը ներկայացնել եւ եզրակացություն տալ»:
Եզրակացությունները հակիրճ ձեւակերպեց Անահիտ Հարությունյանը, ասելով, որ 19-րդ դարում ուսյալ հայ կանայք շատ էին, եւ հասարակական չափազանց գնահատելի գործունեություն ծավալելուց զատ ունեին մեծ համարում թե արեւմտյան, թե արեւելյան հայ իրականությունում: Փաստելով աշխատելու ընթացքում հայ երեւելի կանանց գործունեությամբ հիանալն ու ոգեշնչվելըՙ Անահիտ Հարությունյանը չթաքցրեց նաեւ հայ այրերի գործունեությամբ ոգեշնչված լինելը. «Պետականություն չունեցող ազգի երեւելի ու անպաշտոն, իշխանազուրկ այրերը, հասկանալով ազգի ապագայի կերտման հարցում կրթության անհրաժեշտությունը, ստեղծեցին կանանց կրթության ազգային ծրագիրըՙ նպաստելով ոչ միայն կանանց հասարակական գործունեության, այլեւ քաղաքացիական հասարակության կերտմանը: Այսօր ձգտում ենք դրան, մինչդեռ 19-րդ դարում ունեցել ենք»: 19-20-րդ դարերի հայ իրականությունը կերտող կանանցՙ ուսումնասիրության հերոսուհիների միջեւ Անահիտ Հարությունյանը համեմատությունն անհնար համարեց, փաստելով բոլորի բացառիկ ու վառ անհատականություն լինելը, գործունեության բեղմնավորությունը:
Ուսումնասիրությունն ու գրքի լինելիությունը հնարավոր է դարձել «Կանանց հասարակական գործունեության պատմություն» հարավկովկասյան ծրագրի շրջանակներում եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ