Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1869 թ.-ին ստեղծած «Արարատ լեռ» յուղանկարը վաղըՙ դեկտեմբերի 1-ին վաճառքի կդրվի Լոնդոնի Սոթբի՛զ աճուրդի սրահում: Արվեստաբան Շահեն Խաչատրյանի «Ազգին» տված տեղեկությունների համաձայն, նկարը աճուրդի է ուղարկվել Հունաստանից, անհատական հավաքածուից: «Արարատ լեռ» նկարի ծավալներն են 124,5x167,5 սմ: Մեկնարկային գինը 450 000 ֆունտ ստեռլինգ է:
Այվազովսկու նկարած շուրջ 6000 նկարների մեջ սրբազան Արարատ լեռը հանդիպում է մի քանի անգամ: Դրանցից մեկը «Նոյն իջնում է Արարատից» նկարն է, որը փրկվել է մեկ այլ նշանավոր հայազգի նկարիչ Մարտիրոս Սարյանի միջոցով եւ հանձնվել Երեւանի Ազգային պատկերասրահին: Միջազգային աճուրդի հանվող այս 2-րդ նկարը երկար ժամանակ համարվում էր կորած: