«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ՄՐՑԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլն անհաջող էր Հայաստանի շախմատիստների համար: Մեր չորս գրոսմայստերներից պայքարը շարունակում է միայն Լեւոն Արոնյանը, որը երկրորդ պարտիայում էլ առավելության հասնելով եգիպտացի Ալի Ֆրհատի նկատմամբ, մրցախաղը շահեց 2-0 հաշվով եւ մտավ հաջորդ փուլ:

Արտաշես Մինասյանը, որ առաջին պարտիայում սպիտակներով զիջել էր հոլանդացի Լյուկ վան Վելիին, սեւերով էլ պարտվեց մրցակցին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Անհաջողության մատնվեց նաեւ Կարեն Ասրյանը: Նա սեւերով պարտվեց չին Վանգ Յուին, որին զիջեց 0,5-1,5 հաշվով: Ռաֆայել Վահանյանի եւ լեհ Ռոբերտ Կեմպինսկու երկրորդ պարտիան էլ ավարտվեց ոչ-ոքի: Հաղթողին որոշելու համար նրանք անցկացրին լրացուցիչ մրցախաղ: Ցավոք, մեր փորձառու գրոսմայստերն անհաջող անցկացրեց արագ շախմատի կանոններով կայացած երկու պարտիաներն էլ, որոնցում պարտություններ կրելովՙ դուրս մնաց հետագա պայքարից:

Առաջին փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Ֆիլիպինցի Մարկ Պարագուայի հետ երկրորդ պարտիայում սեւերով խաղացող Մովսիսյանը պարտվեց եւ մրցախաղը տանուլ տվեց 0,5-1,5 հաշվով:

Նշենք, որ բացի Լեւոն Արոնյանից, երկուական հաղթանակ տոնեցին նաեւ Էթիեն Բաքրոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Թեյմուր Ռաջաբովը, Սերգեյ Տիվյակովը, Ալեքսեյ Դրեեւը, Վիորել Բոլոգանը, Գուստավո Լիման, Յուրի Կուզուբովը, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Արեշչենկոն, Լյուկ վան Վելին: 64 հանդիպումներից 25-ի ելքը որոշեցին լրացուցիչ մրցախաղերը: Սա խոսում է պայքարի լարվածության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4