«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ՈՐՈՇՎԵԼ ԵՆ «ԱՐՄԻՆՖՈ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ

Հայաստանի առեւտրային բանկերի ակտիվությունը պարզելու նպատակով շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների շրջանում անցկացված ներբանկային հարցման արդյունքում առաջատարների տասնյակում են հայտնվել «Հայէկոնոմբանկը» (61.48 տոկոսային միավոր), «Կոնվերս բանկը» (61.11 տոկոս), «Ինեկոբանկը» (51.17 տոկոս), ACBA-ն (49.45 տոկոս), «Անելիք բանկը» (49.23 տոկոս), «Յունիբանկը» (47.44 տոկոս), «Հայխնայբանկը» (42.48 տոկոս), «Առէկսիմբանկը» (39.45 տոկոս), «Արցախբանկը» (33.52 տոկոս), «Հայներարտբանկը» (31.02 տոկոս): Հարցումն անցկացվել է ԱՐՄԻՆՖՈ ԼԳ ռեյտինգային լրատվության խմբի մասնագետների կողմից երկրի 18 առեւտրային բանկերի 70 առաջատար մասնագետների շրջանում եւ առնչվել է բանկային գործունեության առավել հրատապ թեմաներին եւ ուղղություններին:

Առաջին համանման աշխատանքը գործակալությունն անցկացրել էր 2003 թվականի աշնանը` որոշակի հետաքրքրություն հարուցելով բանկային շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների շրջանում: Երկամյա ընդմիջումը պայմանավորված էր բանկային միջավայրի զգալի փոփոխություններով: Շուկա դուրս եկան նոր բանկեր, զգալի փոփոխություններ տեղի ունեցան բաժնետիրական կապիտալներում, այդ թվում նաեւ օտարերկրյա ներդրումների հաշվին, հաջողությամբ իրացվեցին որոշ խաղացողների առողջացմանը նպատակաուղղված ծրագրեր, կատարելագործվեց բանկային օրենսդրությունը, շուկայում ներդրվեցին նոր բանկային ծառայություններ եւ տեխնոլոգիաներ:

Մենեջմենթի մակարդակ անվանակարգում առաջատար են դարձել «Կոնվերս բանկը», որը հնարավոր 100 տոկոսային միավորից հավաքել է 72,88 տոկոս, Գյուղացիական փոխօգնության բանկը (ACBA)` 65,3 տոկոս, «Անելիք բանկը»` 63,18 տոկոս, «Ինեկոբանկը»` 60,15 տոկոս, եւ «Հայէկոնոմբանկը»` 59,39 տոկոս: Կորպորատիվ կառավարում անվանակարգով` «Ինեկոբանկը» 60,75 տոկոս, «Հայէկոնոմբանկը» 57,36 տոկոս, «Կոնվերս բանկը»` 53,21 տոկոս եւ ACBA-ն` 50,75 տոկոս: Իրական հատվածի ֆինանսավորմանը մասնակցության մակարդակով առաջատարներ են ACBA-ն` 70,48 տոկոս, «Յունիբանկը»` 67,30 տոկոս, «Կոնվերս բանկը»` 62,86 տոկոս եւ «Հայէկոնոմբանկը»` 61,27 տոկոս: Բնակչության վարկային պահանջարկի բավարարման մակարդակի (սպառողական վարկեր) գծով բոլոր 10 անվանակարգերում առավելագույն ցուցանիշ է արձանագրվել «Ինեկոբանկում»` հնարավոր 100 տոկոսից 88,41 տոկոս, որին հաջորդում են «Հայէկոնոմբանկը»` 62,22 տոկոս եւ ACBA-ն` 62,06 տոկոս: Հիպոթեկային վարկավորման շուկայում ակտիվության գծով առաջատար են «Հայէկոնոմբանկը»` 53,06 տոկոս, «Կոնվերս բանկը»` 46,13 տոկոս, «Յունիբանկը»` 42,74 տոկոս եւ «Ինեկոբանկը»` 37,26 տոկոս: Միջբանկային արժութային շուկայում աշխատանքը մյուս բանկերից զգալի տարբերությամբ բարձր է գնահատվել «Հայէկոնոմբանկում»` 73,44 տոկոս եւ «Կոնվերս բանկում»` 72,3 տոկոս: Պլաստիկ քարտերի շուկայում ակտիվության առումով առաջին շարքերում աչքի են ընկել «Հայէկոնոմբանկը»` 76,61 տոկոս, «Կոնվերս բանկը»` 71,02 տոկոս եւ ACBA-ն` 62,71 տոկոս: Դրամական փոխանցումների շուկայում աշխատանքը բոլորից լավ դրված է ավանդական առաջատար «Անելիք բանկում»` 78,50 տոկոս, ինչպես նաեւ «Յունիբանկում»` 70,17 տոկոս, «Կոնվերս բանկում»` 66,50 տոկոս եւ «Հայէկոնոմբանկում»` 61,50 տոկոս: Նորագույն ծրագրային ապահովման մշակման եւ ներդրման բնագավառում առաջատար են «Կոնվերս բանկը»` 65,12 տոկոս, «Անելիք բանկը»` 50,49 տոկոս եւ «Հայէկոնոմբանկը»` 48,05 տոկոս: Պետական արժեթղթերի շուկայում առավել ակտիվություն են դրսեւորում «Կոնվերս բանկը»` 65,42 տոկոս, «Հայէկոնոմբանկը»` 61,86 տոկոս եւ «Հայխնայբանկը»` 50,51 տոկոս: Հարցմանը հրաժարվել են մասնակցել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը», «Մելլաթ բանկը» եւ «Արդշինինվետբանկը»:

Արմինֆո


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4