«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Շարունակվում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ ԵԱՀԿ տնտեսական ու բնապահպանական հարցերի համակարգողի գրասենյակի կազմակերպած երկօրյա միջազգային համաժողովը, որ նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ուսումնասիրությանը: Համաժողովին մասնակցում են վերոհիշյալ գրասենյակների ներկայացուցիչները, տեղական եւ միջազգային փորձագետներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ: Երեկ համաժողովում բացման խոսքով հանդես եկան ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ԳՐԵԿՈ-ի նախագահ Դրագո Կոսը:

Ըստ Վլադիմիր Պրյախինիՙ կոռուպցիան արգելակում է Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումը: Այն տարածված է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներումՙ առողջապահություն, կրթություն, դատական, օրենսդիր եւ այլ համակարգերում: Հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության, այլեւ յուրաքանչյուր անհատ քաղաքացու պարտականությունն է: «Կոռուպցիան արմատավորված չարիք է, եւ չի կարելի ակնկալել, որ արագ կերպով կհաղթահարվի: Կոռուպցիայի դեմ պայքարը երկարատեւ գործընթաց է, եւ Հայաստանը դեռեւս առաջին քայլերն է կատարում այդ դժվարանցանելի ուղին հաղթահարելու ուղղությամբ»:

Սեմինարին մասնակցում են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ, ինչը հնարավորություն է ստեղծում պատկան մարմիններին ներկայացնելու անկախ հետազոտություններ եւ սեփական դիտարկումներ: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ կատարված վերլուծությունների, հետազոտությունների եւ միջազգային փորձի ուսումնասիրության հիմքով պետք է պայքարի ճիշտ միջոցներն ընտրել: Նա հատկապես կարեւորում է սեմինարի ընթացքում շփումներն օտարերկրյա փորձագետների հետ: «Եթե կան երկրներ, որոնք արդեն այդ ճանապարհով անցել են, ընտրել են համապատասխան մեխանիզմներ, կարեւոր է լսել այդ մասին եւ հետեւություններ անել», ասում է նա: Մուկուչյանի գնահատմամբՙ կոռուպցիայի դեմ հարկավոր է ինստիտուցիոնալ պայքար տանել, սակայն դա չի նշանակում, որ մեղավորները չպետք է պատժվեն:

Համաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ քննարկումների արդյունքում միջազգային փորձագետների տրամադրած խորհրդատվության եւ փորձի փոխանակման հիման վրա մասնակիցների ներկայացրած առաջարկությունները կխթանեն Հայաստանում կոնկրետ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4