«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԹԻՎ 276 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Մալաթիա-Սեբաստիա համայնքում կա 24 մանկապարտեզ, որոնցից 1977 թ. կառուցված եւ անմխիթար վիճակում հայտնված թիվ 276 մանկապարտեզն այս տարվա հունիսից սկսել էր հիմնովին վերանորոգվել: Նախակրթարանը վերանորոգել է «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունըՙ ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (ՄԶԳ) ֆինանսավորվող Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ (ՀԻՀ) ծրագրի շրջանակներում: Ծրագրի ամբողջ արժեքը 24 հազար 3 դոլար է, որից 13 հազար 94-ը տրամադրել է ՀԻՀ-ը, իսկ 10 հազար 909 դոլարը շինանյութերի տեսքով ներդրել են Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանը, «Առդա» բարեգործական հիմնադրամը եւ ծնողները:

Երեկ բացվեց հիմնանորոգված մանկապարտեզը, ներկա էին համայնքի ղեկավար Աղվան Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Փոլ Օմբռնը, ՀԻՀ ղեկավար Սարգիս Մանուկյանը, կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ: Հյուրերին նորակառույց կրթօջախում դիմավորեցին փոքրիկները: Միջազգային եւ տեղական կառույցների համագործակցության արդյունքում վերանորոգվել են նախակրթարանի ներքին ջեռուցման համակարգը, կոյուղին եւ խմելու ջրի համակարգը, սանհանգույցը, դռներն ու լուսամուտները, խմբասենյակներն ու դասասենյակները: Այժմ մանկապարտեզն իր հարկի տակ կարողանում է ընդունել 300 երեխայի:

Մինչեւ 2005 թ. նոյեմբեր ամիսը ՀԻՀ ծրագրի շրջանակներում իրականացվել է 33 ծրագիր, որի արդյունքում բարելավվել են մանկապարտեզների, դպրոցների, բուժկետերի եւ հիվանդանոցների պայմանները, ոռոգման եւ խմելու համակարգերը: Ծրագրերը կենսական նշանակություն են ունեցել համայնքների բնակիչների համար` խրախուսելով նրանց ինքնաջակցման նախաձեռնությունները:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4