«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ» ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Ասում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության երեկ հրավիրած մամուլի ասուլիսի պատճառը «Ռեգնում» գործակալությանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի տված հարցազրույցն էր, որում մանրամասներ է հրապարակել ղարաբաղյան խնդրի լուծման քննարկվող տարբերակիՙ այսպես ասած «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ: Կազմակերպության ղեկավար Արմեն Աղայանն այն ուղղակի ազգային դավաճանություն եւ իշխանությունների հակահայ գործունեության արտահայտություն որակեց:

Հարցազրույցը հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի նախօրեին եւ բնականաբար ուշադրության ու մեկնաբանության չի արժանացել ոչ մամուլի, ոչ էլ քաղաքական որեւէ ուժի կողմից: Ըստ նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանի, դիտմամբ է այդպես արվել, որ հետագայում վկայաբերում արվի, թե ժողովուրդը ժամանակին տեղեկացվել է տարածքների հանձնման հավանականության մասին:

Իսկ ինչ է «ճանապարհային քարտեզը», որի շուրջը կողմերը պիտի համաձայնության գան: Ըստ «Ռեգնումին» պաշտպանության նախարարի խորհրդականի տված հարցազրույցի, նախապատրաստվող պայմանագրում ենթադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, որի մեջ ընդգրկվելու են ազատագրված բոլոր շրջանները: Իսկ Քելբաջարն ու Լաչինը լինելու են «ազատ տնտեսական գոտում» եւ վերականգնվելու են ադրբեջանցիների ու հայերի միասնական ջանքերով:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը ոչ ընդդիմադիրների, ոչ իշխանավորների հետ որեւէ հույսեր չի կապում, քաղաքական դաշտում որեւէ համախոհ չունի: Արմեն Աղայանը հավասարաչափ մեղադրում է ե՛ւ իշխանություններին ե՛ւ ընդդիմությանը. «Մի քիչ դժվարանում ենք ընդդիմադիր այս կամ այն կուսակցությանը գործընկեր համարել, որովհետեւ տարածքների հանդեպ նրանց անտարբերությունը շատ էլ չի տարբերվում իշխանությունների` բացասական իմաստով ակտիվությունից: Ընդդիմությանը խոսքն ուղղելով նա ասաց, թե վերջինս պետք է հասկանա, որ իշխանափոխության խթաններից մեկը հենց կարող է լինել Ղարաբաղի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հերոս Սամվել Բաբայանի հետ համագործակցությանը, ապա` «Սամվել Բաբայանը կարող է եւ պարտավոր է մեզ աջակցել: Թե ինչու այդ չի անում, պատճառները քաղաքական դաշտում դրսեւորվելու ցանկության մեջ պետք է փնտրել. հանգամանք, որը նրան թելադրում է չափավոր լինել»:

«Մեզնից ոչ մեկը հող ու հայրենիք չի ուզում, մերոնք են հանձնում», հայտարարեց նախաձեռնության մյուս ներկայացուցիչը` ազատամարտիկ, Դաշնակցությունից հեռացված Արկադի Կարապետյանը: «Այսօր իշխանություններն ավելի շատ ուզում են հաճոյանալ Արեւմուտքինՙ ինչ-որ բան ակնկալելով, քան թե կատարում են նրա հանձնարարությունը: Հանձնարարություն եղել է 2001 թվականին, կատարվել է, բայց հիմա այդ հաճոյանալու ձգտումը շատ ավելի ընդգծված է», գաղափարակցին լրացրեց Արմեն Աղայանը:

«Ազատագրված տարածքների պաշտպանությունը» տարածքային զիջումների հիմնական մեղադրականն ուղղեց Դաշնակցությանը, որի «պարագլուխները պատերազմի տարիներին զբաղված էին Լ. Տ. Պետրոսյանի հետ գզվռտոցով, իսկ հիմա` Ռ. Քոչարյանի հետ քաղաքական գործարքներ կնքելով»:

Պատասխանելով «Ռեգնում» գործակալության լրագրողի հարցին, թե կազմակերպությունն ինչպես է տեսնում հարցի լուծումը, Արմեն Աղայանը պատասխանեց. «Ազատագրված տարածքների համակողմանի յուրացում բոլոր հատվածներում` սկսած Հորադիզից, Աղդամի նեղ սահմանային հատվածներից մինչեւ խորքերը: Արարատյան դաշտի չափ տարածք է, պետք է Արարատյան դաշտի չափ բնակչություն ունենա: Այդ տարածքները հանձնելու, հարցի միջազգայնացման ոչ մի պատճառ չկա»:

Ղարաբաղի ճանապարհային քարտեզի եւ իշխանությունների «ազգադավ խմբակի» դեմ պայքարը կազմակերպությունն առայժմ մղում է միայն քարոզչական դաշտումՙ հակազդեցությամբ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4