ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «2006 թվականին ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրներում չեն սպասվում ո՛չ լուրջ քաղաքական իրադարձություններ, ո՛չ ընտրություններ, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: «Բանակցային գործընթացը ակտիվացել է ինչպես երբեք եւ հասել է շատ լավ մակարդակի: Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ցանկացած ժամանակ, բայց հարց եմ տալիս` ինչու ոչ հիմա», հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Հակամարտության կողմերից ոչ մեկը չի կարող մյուսին պարտադրել համաձայնություն, բայց եթե անգամ դա հնարավոր լիներ, այդ համաձայնությունը կայուն չէր լինի: Վստահ եմ, որ յուրաքանչյուր կողմ հնարավորություն ունի, բանակցություններից դուրս գալով, իրավացիորեն հայտարարելու. «Ես շատ լավ բաներ ձեռք բերեցի իմ երկրի համար», ավելացրել է Սթիվեն Մանը: Ըստ նրա, հաջորդ շաբաթ Լյուբլյանայում միջնորդները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, իսկ ավելի ուշ կայցելեն Երեւան եւ Բաքու, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: