ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին հայտարարել է, թե Ռուսաստանն այն կարծիքին չէ, որ հետխորհրդային տարածքի մի շարք պետություններում ներքաղաքական իրադրության փոփոխումը պետք է տեղի ունենա դրսից տարբեր հեղափոխությունների խթանման ճանապարհով:
«Մենք չենք կարող համաձայնել ամերիկացի գործընկերների հետ, երբ մի շարք պետությունների ներքաղաքական իրադրության փոփոխում է տեղի ունենում «թավշյա» եւ «գունավոր» հեղափոխությունների խթանման ճանապարհով», Մոսկվայում լրագրողներին ասել է Բալուեւսկին:
ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի պետը բացասական է համարում այն փաստը, որ ԵԱՀԿ-ն վերածվում է «հսկիչ» մարմնի: Բանակի գեներալն ընդգծել է, որ ընդսմին ԵԱՀԿ-ն «հսկում» է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ-ի մյուս պետություններում ժողովրդավարության պահպանման սկզբունքը: «Այդ գործընթացներին այս կամ այն չափով մասնակցում է ԱՄՆ-ը», ասում է Բալուեւսկին: