ԲԱՔՈՒ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա դեկտեմբերին բանակցություններ կսկսվեն «Գազպրոմ» ընկերության եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է «Գազպրոմ» ընկերության «Գազէքսպորտ» դուստր ձեռնարկության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ակիֆ Հասանովը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը, ի պատասխան «Գազպրոմի» գազի գների բարձրացման վերաբերյալ ԱՊԱ-ի թղթակցի հարցին, ասել է, որ ընկերությունը այդ առնչությամբ «Գազպրոմից» որեւէ առաջարկ առայժմ չի ստացել: «Մենք կսկսենք բանակցությունները, հենց որ մեզ համապատասխան առաջարկություն արվի: Մենք կհրաժարվենք ռուսական գազ ներմուծելուց, եթե դա մեզ ձեռնտու չլինի: Այդպիսի որոշում ընդունելու դեպքում մենք կփնտրենք այլընտրանքային տարբերակներ», ասել է Ն.Ալիեւը: