Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գեւորգ սարկավագ Ղուշչյանի «Քրիստոնեական աշխարհընկալումը հայոց գրական անդաստաններում» գրքույկը, ուր քննվում է Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի եւ Վահան Տերյանի գրական աղերսները կապված քրիստոնեության հետ:
Այս կարգի ուսումնասիրությունը ենթադրում է, որ հեղինակը պետք է ծանոթ լինի հայ գրականության ողջ պատմությանը, գրաքննադատական մտքին, գրական փաստերին ու երեւույթներին, Աստվածաշնչի հոգեւոր մատենագրությանը: Ծանոթանալով նյութին, կարող ենք ասել, որ Գեւորգ Ղուշչյանը լավատեղյակ է իր առջեւ խնդիր դրած ուսումնասիրության նյութին: Գրականության եւ քրիստոնեության առնչությունների խնդիրը անցած տասնամյակներում չէր կարող հատուկ քննության առարկա դառնալ: Ուստի, լինելով քիչ ուսումնասիրված, բայց հեռանկարային բնագավառ, այն կարող է նորովի ներկայացնել Աստվածաշնչի եւ հայ գրականության առնչությունները: Անժխտելի է, որ Աստվածաշունչը եւ քրիստոնեական աշխարհընկալումը ի սկզբանե իրենց արմատները ձգելու են հայ գրականության մեջ, մասնավորապես քնարերգության բնագավառում: Ինչպես չափածոյի, այնպես էլ արձակի ասպարեզում նման ուսումնասիրությունը դառնում է անհրաժեշտություն:
Այս երկասիրությունը արժեւորվում է որպես նման մոտեցման առաջին փորձերից մեկը: Աշխատությունը ծանոթացնում է հայ գրականության չորս կարկառուն անհատականությունների, որոնց գրական գործերում լավագույնս են արտահայտել իրենց մտահղացումները, քրիստոնեական ոգին ու աշխարհընկալումը:
Հայ գեղարվեստական գրականությունը ծագել, ձեւավորվել ու զարգացել է քրիստոնեական մտքի ու մշակույթի պատմության անդաստանում, դարձել ազգային բազմաթիվ խնդիրների արտահայտություն:
Ինչպես միջնադարում, այնպես էլ 19-20-րդ դարերում հայ գեղարվեստական մտքի եւ ոգու մեջ եղել է քրիստոնեությունը: Ինչպես նշում է հեղինակը գեղարվեստական գրականության շատ ժանրեր ծագել են վաղ եւ ուշ շրջանների քրիստոնեական վարքերից, վկայաբանություններից, վարքագրություններից, սրբազան ավանդություններից, Աստվածաշնչում առկա բանաստեղծական տեքստերից:
«Մի ընդհանուր քննական հայացք նետելով ուշ միջնադարյան եւ նոր ժամանակների բանաստեղծական երեւույթների վրա` կարելի է նկատել, թե որքան հիմնավոր է Աստծո խոսքը արմատավորվել հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ: Այն քրիստոնեական հոգեկերտվածքը եւ մտածողությունը, որ դարեր շարունակ կազմել են հայի էությունը, գտել են նաեւ իրենց մշակութային, գեղարվեստական բանահյուսական եւ գրական արտահայտությունները, ձեւավորվել աշխարհընկալում եւ կենցաղ», գրում է հեղինակը: Գ. Ղուշչյանը այս տեսակետով է քննության ենթարկում Նահապետ Քուչակի հայրենները, Սայաթ-Նովայի երգերը:
Միանգամայն ճիշտ է նկատել ուսումնասիրության հեղինակը, որ ցայսօր հայ գրական գործերը չեն քննվել քրիստոնեական խորքի եւ հոգետարերքի մեջ: Վերլուծելով Քուչակի եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, հեղինակը նշում է, որ միայն նրանք չեն այն հեղինակները, որոնց հոգեւոր անկյունաքարն ու սնուցիչ աղբյուրը Աստվածաշունչն է եւ Հայ եկեղեցու սրբազան ավանդությունը: Հայ նորագույն գրականության մեջ թերեւս ամենաշատը Հովհ. Թումանյանն է իր ստեղծագործություններում անդրադարձել քրիստոնեությանը, կրոնական հավատալիքներին, Քրիստոսի չարչարանքներին եւ կարծես ինքն էլ չարչարվել նրա հետ մեկտեղ:
«Եվ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում. աշխարհքի ամեն անկյունում եւ մեր անկյունում ամեն օր, ամեն օր, ու ամեն օր մենք խաչելության հանդիսատես ենք կամ մասնակից: Եվ դրա համար էլ նա Մեծ է ու Անմահ», գրում է Հովհ. Թումանյանը: Նրա բանաստեղծական մտքերը ձեւավորվել են «Հարություն» բանաստեղծության հետեւյալ քառյակներում.
Քրիստոս հարյավ... երկինք գնաց, /Երկրում թողեց պատվերներ. /Բայց պատվերը գրքում մնաց, /Եվ աշխարհքը հեծում է դեռ:
Ապտակում են դեռ ծաղրելով /Անմեղության ճակատին, /Եվ հարության օր տոնելով` /Խաչ են հանում ճշմարտին:
Թումանյանական այս մեկնությունը Քրիստոսի չարչարանքների, խաչելության եւ հրաշափառ Հարության գեղեցիկ ու ճշմարիտ մեկնություններից է, որը լույս է սփռում այն հարցին, թե ինչու է Քրիստոսի խաչելությունը «մշտաներկա» մեր կյանքի մեջ, արդի ժամանակաշրջանում եւս: Հեղինակը հետեւելով Թումանյան-մտածողի, Թումանյան-գեղագետ-բանաստեղծի ստեղծագործական ուղուն, հայտնաբերում է մի ուղղվածություն. դա խոհն է Արարչի, արարչագործության հանդեպ, քրիստոսյան խորհուրդների բանաստեղծական հայտնաբերումների գիծը:
1989 թվականին Թումանյանը գրում է.
Մի զորություն զորեղ /Ինձ հուսադրում է հանկարծ. /Եվ զգում եմ, ամեն տեղ /Դուն ինձ հետ ես, Աստված:
Աստծո ամենուրեքյան լինելու ճշմարտությունը Գ. Ղուշչյանը մարմնավորել է հետեւյալ քառյակում.
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր. /Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր. /Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին /Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր:
Գ. Ղուշչյանի ուսումնասիրությունը ունի ճանաչողական, հոգեւոր - դաստիարակչական նշանակություն: Հույս ունենք, որ այն իր արժանի տեղը կունենա նաեւ գրականության պատմության մեջ:
ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ