«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ՆՇՎԵՑ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ` ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՍՈՎ

«Իմ երկիրը` Անգլիան, պոեզիայի շատ մեծ ավանդույթներ ունի, եւ հիանալի է ապրել ձեր երկրում, որը պոեզիայի ավելի երկար ավանդույթներ ունի», երեկ պոեզիայի միջազգային օրվա առթիվ Խնկո-Ապոր գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Բրիտանական խորհրդի նախագահ Էնդի Քիդուելը:

«Մաքսեդան» օտար լեզուների դպրոց-վարժարանը Խնկո-Ապոր գրադարանի հետ համատեղ պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ երեկ գրադարանում կազմակերպել էր «Պոեզիան ընդմիշտ» խորագրով միջոցառումը` կազմված երգ ու պարից եւ անգլո-ամերիկյան պոեզիայի պատառիկներից: Շեքսպիրից, Բայրոնից բացի դպրոցի սաներն հատվածներ էին ասմունքում մեզ պակաս հայտնի Լորենս Հյուգի, Էմիլ Լոուվերի, Թոմաս Էլիոթի եւ Թոմաս Ջեֆերսոնի ստեղծագործությունից: Դպրոցի տնօրեն Անուշ Սեդրակյանը նշեց, որ երեխաներն իրենք են հիշել եւ առաջարկել նշել պոեզիայի միջազգային օրը` ասելով. «Մենք միջազգային հանրության մի մասնիկն ենք»: «Բացի այդ, պոեզիան մեր սաների կյանքի մի մասն է», ասաց տնօրենը եւ հավելեց, որ միջոցառման կայացմանը սիրով աջակցել է Բրիտանական խորհուրդը: Իրենք` սաները նշեցին, որ թեպետ անգլո-ամերիկյան հեղինակներն այստեղ` մեր երկրում, այնքան հայտնի չեն, սակայն «մենք ներկայացնում ենք մեզ անհայտ կամ քիչ հայտնի հեղինակներին, բայց նրանք հիանալի հայտնի են իրենց երկրում»: Ի դեպ, սա գրադարանում դպրոցի կազմակերպած առաջին միջոցառումը չէր, եղել են նաեւ գրական ընթերցումների օրեր:

Նշենք, որ վերոհիշյալ դպրոցում, տնօրենի խոսքերով, ավանդական ուսուցումից բացի, կլինեն քաղաքացիական կրթության, եվրոինտեգրման եւ մարդու իրավունքների դասընթացներ: Դպրոցը հոկտեմբերին Յունեսկոյին է ներկայացրել «Քաղաքացիությունից դեպի քաղաքացիական քաղաքականություն» նախագիծը, որն արժանացել է հավանության: Դպրոցը հունվարին հրավիրվել է Բարսելոն:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4