«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ՊԱՅՔԱՐ ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԹՂԹԻ ՎՐԱ

Այսօր ստրկությունից մարդկության ազատագրման միջազգային օրն է: Հիշողությունս լարում եմ ու հիշում ստրկության մի տեսակ, որի դեմ Հայաստանում շարունակում են պայքարելՙ սեռական ստրկությունը, թրաֆիքինգը: Ու կեսկատակ-կեսլուրջ կարելի է շուռումուռ տալ օրվա թեման:

Կանանց հանդեպ բռնությունների թեմային հաճույքով են ձեռք զարկում դրամաշնորհների միջոցով վաստակող մեր հասարակականները: Եվ այստեղ բնավ կարեւոր չէ, թե ինչպիսի մտածողության կրող են նրանք: Երկար տարիներ այս թեմայով վաստակող ՀԿ-ի ղեկավար մի տղամարդու եմ ճանաչում, որը մոնիտորինգներ անցկացնելով իրենց վերջին ունեցվածքը` սեփական մարմինը վաճառելով վաստակող կանանց վերաբերյալ, համոզված է, որ նրանց վերադաստիարակելու միակ միջոցն անխնա ծեծն է: Սակայն հայ կանայք, չնայած ժամանակի վայրիվերումներին, այնուամենայնիվ, պահպանել են իրենց նկարագիրը եւ այն աստիճան ծայրահեղությունների գիրկը չեն ընկել, որ մոնիտորինգներով, թրաֆիքինգի ուռեցրած փուչիկով երկար «հարիֆացնեն» միջազգային կազմակերպություններին եւ կլորիկ գումարներ պոկեն: Մեր կանանց խնդիրները, մի տասը տարի առաջվա նման, շարունակում են ոչ թե գաղափարական կամ գենդերային մնալ, այլ, որքան էլ խեղճուկրակ հնչի` սոցիալական: Եվ կանանց հանդեպ առկա բռնություններն էլ սովորաբար սոցիալական ենթատեքստ եւ բովանդակություն ունեն: Հիմնական խնդիրն այն է, որ մեր երկրում շարունակվում է բարձր գործազրկության տոկոսը հենց կանանց շրջանում. մեզ մոտ նույն աշխատանքի համար առավել հաճախ պակաս պրոֆեսիոնալ տղամարդուն կգերադասեին, քան կնոջը, հատկապես եթե դա վերաբերում է բարձր աստիճանակարգի աշխատատեղերին: Առավել պակաս պրոֆեսիոնալիզմ պահանջող աշխատատեղերի համար էլ գերադասում են երիտասարդ, երկարոտն աղջիկներին` էլի շահագործման նպատակով. նախ, շատ ավելի քիչ են վճարում, ինչին չէին համաձայնի նույն տարիքի երիտասարդ տղաները, եւ բացի այդ` գործատուն նրանց հետ վարվում է ըստ իր դաստիարակության եւ պատկերացումների: Սոցիալական ընդհանուր վիճակն ու այդ պատճառով երիտասարդ տղամարդկանց բացակայությունը նաեւ այլ, ֆիզիկական բռնությունից ավելի ծանր իրավիճակի մեջ է դրել երիտասարդ հայ կնոջը. քանի որ նա իր անձնական կյանքը պատկերացնում է միայն ընտանիք կազմելով եւ օբյեկտիվ պատճառներով դա չի կարողանում իրագործել (մի զգալի մասը), ապա նա եւս մշտապես հոգեբանական ճնշման տակ է` կամ պետք է հոգեկերտվածքը փոխի, կամ շարունակի ենթարկվել հասարակական կարգի, պետության անհաջող սոցիալական քաղաքականության հետեւանք, այսպես անվանենք, սոցիալական բռնությանը: Մնացյալը ցնդաբանություն է, քանի որ հայ կանանց զգալի մասը օրնիբուն զբաղված է իր ընտանիքի սոցիալական կարիքները հոգալով, չեղած տեղից նրան բարեկեցիկ տեսքի բերելով, եւ, հայտնի բան է, իրեն հարգող հայ կինը ի վիճակի է իր հանդեպ ֆիզիկական բռնություն չհանդուրժել:

Իսկ թղթի վրա հայ կնոջ հանդեպ բռնության դեմ պայքարը թողնենք մեր հասարակականներին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4