«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ԳԼԽԱՎՈՐ ՎԵՏԵՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԹԱՀՄԱԶՅԱՆՆ Է

Արդեն 5-րդ մրցաշրջանն է, ինչ «Միկայի» 35-ամյա պաշտպան, նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանը բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն է: Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որ անփոփոխ հանդես է եկել Հայաստանի բոլոր 14 առաջնություններում: 1992-2003 թթ. Թահմազյանը հանդես է եկել «Շիրակում»ՙ անցկացնելով 278 խաղ: Վերջին երկու տարիներին նա «Միկայի» պաշտպանության հենասյուներից է:

Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով Թահմազյանը ռեկորդակիր դարձավ 2001 թ. մայիսի 8-ին: «Կոտայքի» հետ հանդիպումը բարձրագույն խմբում նրա 215-րդ խաղն էր եւ այս ցուցանիշով Թահմազյանը գերազանցեց նախկին թիմակից Արթուր Պետրոսյանի ռեկորդը (214 խաղ): Անցյալ տարվա մրցաշրջանի վերջնագծում «Միկայի» փորձառու պաշտպանը 2 հոբելյան նշեցՙ 300-րդ խաղը բարձրագույն խմբում եւ պաշտոնական 400-րդ հանդիպումը: Հաջորդ մրցաշրջանում Թահմազյանին նոր հոբելյաններ են սպասումՙ համապատասխանաբար 350-րդ եւ 450-րդ հանդիպումները:

Ավարտված առաջնությունում Հովհաննես Թահմազյանը մասնակցեց «Միկայի» անցկացրած 26 հանդիպումներից 24-ին: Վնասվածքի պատճառով նա չմասնակցեց «Փյունիկի» հետ մեկնարկային հանդիպմանը: Մեկ խաղ էլ Թահմազյանը բաց է թողել որակազրկման պատճառով: Թահմազյանն առայժմ միակն է, որ 300-ից ավելի խաղ է անցկացրել (329): Այս տարի 300 խաղի սահմանագիծը հատելու հնարավորություն ուներ «Շիրակի» ավագ Գագիկ Մարգարյանը: Դրա համար նրան անհրաժեշտ էր մասնակցել 19 խաղի: Սակայն «Շիրակը» կրկին անհաջող հանդես եկավ, չկարողացավ տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում եւ առաջնությունում ընդամենը 17 հանդիպում անցկացրեց: 36-ամյա Մարգարյանը մասնակցեց դրանցից 14-ինՙ անցկացրած խաղերի քանակը հասցնելով 295-ի: Հարկ է նշել, որ Գագիկ Մարգարյանը մինչեւ այսօր էլ հավատարիմ է մնացել «Շիրակին»ՙ հանդես գալով միայն հարազատ կոլեկտիվում: Նա գլխավորում է 10 ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցուցակը: Իսկ Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով Մարգարյանի ցուցանիշը երկրորդն է: Եթե վետերանը հաջորդ մրցաշրջանում էլ խաղադաշտ դուրս գա, ապա կարող է վերջապես նշել 300-րդ խաղի հոբելյանը:

ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած ֆուտբոլիստներից 8-ը հանդես եկան ավարտված առաջնությունում: Գրիգոր Մկրտչյանը վաղուց ավարտել է ելույթները մեծ ֆուտբոլում, իսկ Տիգրան Գսպեյանը հանդես եկավ առաջին խմբի մրցաշարի մասնակից «Երեւան Յունայթեդում»: Անցած 14 առաջնություններում միայն 40 ֆուտբոլիստի է հաջողվել 200 եւ ավելի խաղ անցկացնել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4