Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, երեկ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում` ՈՒԵՖԱ-ի երիտասարդական ֆուտբոլին նվիրված 8-րդ կոնֆերանսի շրջանակներում, որին մասնակցում էին նաեւ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, տեղի է ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունների նախնական փուլի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքներով Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը նախնական փուլում կմրցի Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականների հետ: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը վիճակահանության արդյունքներով կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի եւ Կիպրոսի հավաքականների հետ: Մրցաշարերի անցկացման վայրը դեռեւս որոշված չէ:
ՈՒԵՖԱ-ի երիտասարդական ֆուտբոլին նվիրված 8-րդ կոնֆերանսի առաջին օրվա նիստը բացել է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ` ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Մարիուս Լեֆկարիտիսը: Ողջույնի խոսքեր են ասել նաեւ ՈՒԵՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ջորջ Բեստի հիշատակը:
Նիստի հիմնական հատվածում նախ ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Էնդի Ռոքսբուրգը, որը մարզիչներին է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի այս տարվա մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների առաջնությունների տեխնիկական տվյալները:
Այնուհետեւ ելույթ է ունեցել ՖԻՖԱ-ում նույն պաշտոնը զբաղեցնող գերմանացի Հոլգեր Օսիեկը, որը ներկայացրել է ՖԻՖԱ-ի մինչեւ 17 եւ մինչեւ 21 տարեկանների այս տարվա առաջնությունների տեխնիկական տվյալները եւ մասնագետների վերլուծությունները:
Դրանից հետո տարբեր երկրների ներկայացուցիչներ շարունակել են ներկայացնել իրենց փորձը, որից հետո կայացել է 2005/2006 թվականի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների առաջնությունների երկրորդ ընտրական փուլի վիճակահանությունը, որին, ցավոք, մեր թիմերը չեն մասնակցում:
Վերը նշված վիճակահանությամբ էլ կոնֆերանսն ավարտել է աշխատանքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ