«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ

Հազվադեպ չէ նաեւ սովորական խաբեությունը

Գովազդ երեւույթի մասին նախկին խորհրդային երկրում ապրած մարդիկ իրական պատկերացում ունեցան միայն վերջին 15 տարում: Առաջ անցնելով նշենք, որ դրանից նրանք, մեղմ ասած, հիացած չեն: Սակայն առանց գովազդի շուկայական տնտեսության մասին խոսելն անիմաստ կլիներ: Բնականաբար, այն այսուհետեւ նույնպես լինելու է մեր կյանքի մշտական ուղեկիցը: Միաժամանակ անկասկած է, որ գովազդի օրենսդրության մեջ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, քանի որ եթերից ամեն օր մեզ հրամցվող գովազդային հոլովակները շատ հաճախ խախտում են ոչ միայն գործող օրենքը, այլեւ էթիկայի եւ բարոյականության համընդհանուր նորմերը, պարունակում խաբեության տարրեր:

Օրենքի խախտումներն ակնհայտ են

Համաձայն 2002 թ. հունիսին «Գովազդի մասին» օրենքում կատարած փոփոխության, «արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը»: Նախ անդրադառնանք այս փոփոխության տրամաբանությանը: Այն ամբողջությամբ համապատասխանում է մեր պատգամավորական մտքի «հանճարեղ» փայլատակումներին: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչու է ոգելից խմիչքների մեջ կոնյակի համար բացառություն արվել: Այն ժամանակ օրենքը ներկայացնող կառավարության ներկայացուցիչները որեւէ հիմնավոր պարզաբանում այդ կապակցությամբ չտվեցին:

Առավել տարօրինակը 20 տոկոս եւ ավելի թնդության մասին դրույթն է: Ինչո՞ւ հենց 20 տոկոս: Ո՞վ է որոշելու, թե գովազդվող այս կամ այն գինին քանի տոկոս թնդություն ունի: Առանց այն էլ հարկատուների գումարներն անիմաստ վատնող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առանձնապես հակված չէ գոնե երբեմն կատարելու իր պարտականությունները, իսկ այս փոփոխությունն էլ նրա համար արդարանալու լավ հնարավորություն է ստեղծում: Հանձնաժողովը, օրինակ, կարող է «պարզաբանել», որ, ասենք, «Վեդի ալկոյի» այս կամ այն գինու, Ավշարի գինու գործարանի կամ անգամ ներկրվող հայտնի «Նեմիրոֆ» օղիների թնդությունը չի գերազանցում 20 տոկոսը (ինչին ոչ մի միամիտ չի հավատա): Այս տարբերակը ձեռնտու է հեռուստաընկերություններին, ոգելից խմիչք արտադրողներին եւ վերջիններիս հետ լեզու գտնելու հնարավորության համար եթերը հսկելու պարտականություն ունեցող հանձնաժողովին: Այդ դեպքում առաջացող միակ հարցն այն է, թե ո՞րն էր օրենքում փոփոխություն կատարելու նպատակը, եթե պատկերն անփոփոխ էր մնալու: Պատասխանը միակն էՙ օրենքը շրջանցելը եւ կոռուպցիայի համար սողանցք բացելը:

Գովազդներում մի՞շտ են պահպանվում բարոյականության նորմերը

Չնայած «Գովազդի մասին» օրենքի 8-րդՙ «Գովազդի պատշաճությունը» հոդվածը հայտարարում է, որ արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն էՙ վարկաբեկում է բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերը, այդ նույն նորմերը խախտող գովազդներից զերծ չենք մնում: «Արարատ» հյուրանոցի եւ «Ջիանի» ոսկերչական սրահի գովազդներում բացահայտորեն գովազդվում է ամուսնական անհավատարմությունը: Սակայն դրանք (հատկապես «Ջիանին») շարունակեցին ցուցադրվել: Ոչ հեռու անցյալում եթերում պտտվող «Գրին փալաս» համալիրն առավել հեռուն էր գնացել: Այդ հաստատության գովազդից թանկարժեք հասարակաց տան գովազդի տպավորություն էր ստեղծում, իսկ վերոհիշյալ հանձնաժողովը պահպանում էր օլիմպիական հանգստություն:

Ընդհանրապես իրենց անճաշակությամբ եւ տհասությամբ «Ջիանիի» գովազդները հատուկ ուշադրության են արժանի, բայց, ինչպես ասում են, դա տվյալ ընկերության խնդիրն է: Սակայն երբ այդ ընկերության մյուս գովազդներում «բարոյականության համընդհանուր եւ ազգային նորմերն» են վարկաբեկվում կամ, ինչպես մեկ այլ դեպքում, դաժանություն ու բռնություն է քարոզվում, ապա պետական համապատասխան կառույցը պարտավոր է զգուշացնել, արգելել եւ եթերից հանել դրանք անկախ այն բանից, թե որքան գումարներ են ծախսվել այդ հոլովակները պատրաստելու համար:

Դաժանության եւ գռեհկության առումով անգերազանցելի են «Ռուսսկի ռազմերի» այսպես կոչված «իմիջային» գովազդները, որտեղ բեռնատար մեքենայի վարորդը հենց այնպես կարող է անցնել մարդատար ավտոմեքենայի վրայով, քանի որ իր «ռազմերն» ավելի մեծ է: Մեծ «ռազմերը» կարեւորելն այս ընկերության խախտված երեւակայության համար մեքենայի վրայով անցնելն է, իսկ մեկ այլ դեպքումՙ վարունգ ցույց տալը: Սա հիմք չէ՞, որպեսզի այդ հոլովակները հանվեն եթերից: Ուրիշ ինչ է անհրաժեշտ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որ տեսնի բարոյականությանը եւ էթիկային, մեղմ ասած, հակասող այս գովազդները: Մի՞թե հանձնաժողովի բոլոր անդամներն ու աշխատակիցները խաթարված տեսողություն ունեն:

Ընդհանրապես «իմիջային» շղարշի տակ իրենց օղու, գինու, ծխախոտի օրենքով արգելված գովազդներ են անարգել պտտեցնում այս ոլորտի բոլոր արտադրողներն ու ներմուծողներըՙ սկսած «Լուսաստղից» մինչեւ «Նեմիրոֆ»:

Սովորական խաբեություն

Այս տեսակի գովազդները, որտեղ սպառողին ուղղակի խաբում են, նույնպես պատահական չեն: Դրանցից մեկին առիթ ունեցանք անձամբ բախվելու, երբ ապառիկ ապրանք ձեռք բերելու գովազդի մեջ խոսվում է 30-50 տոկոս կանխավճարի մասին, իսկ տվյալ խանութի գործընկեր բանկում պարտադրվում է կատարել միայն 50 տոկոս կանխավճար: Ընդ որում, 30-50 տոկոս կանխավճարի չափը նշվում է նաեւ պայմանագրում: Ինչպե՞ս են վերահսկվելու եւ արգելվելու նման եթերային խաբեությունները: Կամ մեկ այլ օրինակ, երբ գնում է խիստ անորոշՙ «մինչեւ 20 տոկոս զեղչ» գովազդ: Այս դեպքում կոնկրետ 20 տոկոս զեղչված ապրանքներ կամ ընդհանրապես, կամ գրեթե չեն լինում, իսկ 5 կամ 10 տոկոս զեղչը նույնպես մինչեւ 20 տոկոսի շրջանակներում է: Սպառողը մոլորեցվում է, ինչը չնայած օրենքն արգելում է, բայց դարձյալ չի խանգարում, որ ամեն ինչ մնա նույնը:

Ճիշտ է, օրենքի 21-րդ հոդվածն ամբողջությամբ նվիրված է անբարեխիղճ գովազդին, որտեղ նշված է, որ արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվումՙ կանխամտածված կեղծ գովազդ, բայց այդ դրույթները շրջանցելու տարբերակները նույնպես գործում են: Օրինակՙ հայտարարվում եւ գովազդվում է 50 տոկոս զեղչ, ինչն իրականում նշանակում է, որ միջին շուկայական գնից 50 տոկոս բարձր գինը ջնջվում է, եւ ապրանքի վրա դրվում է միջին շուկայական գինը: Սա կարելի՞ է բնութագրել անբարեխիղճ կամ կեղծ գովազդ: Իրավաբանորեն գուցե դա ապացուցման կարիք ունի, բայց ակնհայտ է, որ սպառողներն այս դեպքում նույնպես խաբվում են:

Լոտոների գովազդների մասին շատ է գրվել, ուստի այս անգամ ավելորդ ենք համարում կրկնելը: Լոտո կամ վիճակախաղ կոչվող երեւույթները մեզանում ամբողջապես որպես խաբեություն են ընկալվում, ինչը հեռու չէ իրականությունից:

Ընդհանրապես, երբ խոսվում է գովազդի մասին, դա դիտարկվում է որպես գովազդատուների եւ գովազդ հեռարձակողների խնդիր: Մինչդեռ դա բոլորի ամենօրյա կյանքի անբաժանելի մասնիկն է: Հետեւաբար հարկ է նախ եւ առաջ հաշվի առնել եւ պաշտպանել սովորական մարդու, շարքային քաղաքացու շահերը, ինչը գրեթե չի կատարվում: Պետական համապատասխան կառույցները զբաղված են գովազդի օրենքի թերությունների եւ ընդհանրապես խախտումների վրա ձեռքեր տաքացնելով, իսկ սպառողների շահերի պաշտպանությանը կոչված հասարակական կազմակերպությունների ղեկավարներըՙ տարբեր միջոցառումների ժամանակ հերթական դրամաշնորհի ստացմանն ուղղված դատարկ ելույթներ ունենալով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4