Ջրային տնտեսության, մասնավորապես ոռոգման համակարգի խնդիրների վերաբերյալ իր տեսակետները հայտնելու խնդրանքով օրերս դիմեցինք այս ոլորտի փորձառու մասնագետ, տարածքների զարգացման ծրագրի շինարարության խմբի ղեկավար Գեորգի Գեւորգյանին:
Ջրային տնտեսության փորձառու մասնագետի կարծիքով, փոքր ջրամբարներ կառուցելով հնարավոր է հոգալ բազմաթիվ համայնքների ջրի պահանջարկը: Դեռեւս խորհրդային տարիներին մշակվել էր հանրապետությունում 108 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր, որի շնորհիվ հնարավոր կլիներ ոռոգման նպատակով կուտակել շուրջ 1 մլրդ խմ էժան ջուր: Մասնավորապես Մխչյանի ջրհան կայանը բավականին էներգատար է, իսկ Ազատ գետի ջրամբարի ջրերն էլ չեն բավարարում: Հետեւաբար, Վեդի գետի վրա ջրամբարի կառուցման անհրաժեշտություն է առաջանում, որը հնարավորություն կտա Խոսրովի անտառի տարածքում կուտակելու 35 մլն խմ ջուր: Դա էլ իր հերթին հնարավոր կդարձնի ինքնահոս ոռոգմամբ ապահովել նախկին Արարատի շրջանի ամբողջ հողերը: Գրեթե նույն պատկերը կունենանք Ամբերդ գետի վրա ջրամբար կառուցելու դեպքում, որն էապես կթեթեւացնի Արզնի-Շամիրամ ջրանցքի վիճակը: Եղվարդի ջրամբարի կառուցման դեպքում կօգտագործվեն Հրազդան գետի ջրերի ձմեռային ազատ հոսքերը, որոնք կկազմեն շուրջ 100 մլն խմ: Կխնայվի նաեւ Սեւանի ջուրը: Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրով Մարմարիկի ջրամբարի վերականգնման շինարարության համար մրցույթ է հայտարարվել: Այս դեպքում կուտակելով 21 մլն խմ ջուր Մարմարիկ եւ Հրազդան գետերի հունումՙ հսկայական տարածքների ոռոգման խնդիրներ կլուծվեն: Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը փոքր ջրամբարների կառուցման լուրջ խնդիրներ է առաջադրում: Այդ ջրամբարները հատկապես կկարեւորվեն ջրասակավ տարիներին:
Ոռոգման համակարգի ամենալուրջ բարեփոխմանՙ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ստեղծման մասին խոսելովՙ Գեորգի Գեւորգյանն այն ճիշտ եւ արդարացված քայլ համարեց, բայց կարծիք հայտնեց, որ այդ գործընթացում կառավարությունն ավելորդ շտապողականություն է դրսեւորել: Այդ պատճառով մեկ-երկու տարի անց սահմանների վերանայման ու տարածքների մեծացման անհրաժեշտություն է առաջացել օրինակ Սիսիանի, Տավուշի, Կոտայքի տարածաշրջանների որոշ ընկերություններում, որտեղ ստացվող փոքր հասույթի պատճառով ընկերությունները չեն կարողանում ինքնուրույն գոյատեւելՙ միջոցներ ստեղծել, ներդրումներ կատարելով ապահովել համակարգի նորմալ շահագործումը: Եթե ինքնածախսածածկում չի կատարվում, ընկերության գործունեությունն աննպատակահարմար է: Այդ պատճառով էլ որոշ տարածքներում որոշ ընկերություններ պետք է վերակազմավորվեն:
Հակառակ վերոնշյալին, մի շարք ընկերություններ էլ, ըստ Գեորգի Գեւորգյանի, պետք է միավորվեն միությունների մեջ, որպեսզի համակարգվի ընկերությունների գործունեությունը, ջրի բաշխման, սակագնի ձեւավորման եւ նմանատիպ այլ հարցերում խնդիրներ չլինեն: Մասնավորապես միությունների ստեղծումը նպատակահարմար է Արտաշատի, Արզնի-Շամիրամի, ստորին Հրազդանի եւ Արմավիրի ջրանցքների վրա:
Ելքը ոռոգումն ինքնահոս դարձնելն է
Նորաստեղծ ՋՕԸ-ների գործունեության մեջ հատկապես լուրջ խնդիր է բնակլիմայական հանգամանքներով պայմանավորված ջրի անկայուն պահանջարկը: Օրինակՙ Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններում, Լոռու ջրանցքի շրջակայքում այս տարի ոռոգման ջրի չնչին պահանջարկ է եղել: Այդ հատվածներում պոմպերի աշխատեցման, համակարգի շահագործման համար հսկայական ծախսեր են կատարվում, որոնց զգալի մասը կառավարությունը վերցնում է իր վրա: Սակայն 2007 թ.-ից այդ ծախսերը պետք է ծածկեն ընկերությունները, որոնք ստիպված կլինեն բարձրացնել ջրի սակագինը: Եթե այսօր կառավարության տրամադրած սուբսիդիաների շնորհիվ սակագները չեն անցնում 7-8 դրամի սահմանագիծը, ապա հեռանկարում այն վայրերում, որտեղ քառաստիճան պոմպակայաններ են գործում, ջրի սակագինը կարող է հասնել մինչեւ 35-40 դրամի: Այս դեպքում հարցի լուծումը մեխանիկական ոռոգումը հնարավորինս արագ ինքնահոսով փոխարինելն է, որն էապես կնվազեցնի ջրի ինքնարժեքը: Այս գործունեությամբ է զբաղված ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման գրասենյակը:
Համակարգի ամբողջական նորոգումը կարժենա 2 մլրդ դոլար
Գեորգի Գեւորգյանը նույնպես այն կարծիքին է, որ ոռոգման ջրի մատակարարումը բավականին լավացել է: Սակայն ավելին անելը, նրա կարծիքով, դժվար կլինի, քանի որ Հայաստանի շուրջ 21 հազար կմ ոռոգման ցանցերի (որից 17 հազարը ներքին, իսկ մնացածը մայր եւ երկրորդային ջրանցքներ) հսկայական մասը շարքից դուրս է եկել: Կան ջրանցքներ, որոնցում ջուրը հսկայական տարածքներով անցնում է հողի հունով, ինչի հետեւանքով կորուստները կազմում են ավելի քան 60%: Այդ 21 հազար կմ-ն նախագծային տեսքի բերելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 2 մլրդ դոլար: Ջրի բաշխման կանոնավորման առումով անհրաժեշտ է բարձրացնել ընկերությունների տեխնիկական զինվածությունը: Այսօր ՋՕԸ-ները չունեն փոխադրամիջոցներ, ջրբաշխը չի կարողանում հսկել իր մի քանի կմ ձգվող սպասարկման տարածքը: Դա նշանակում է, որ ջրի բաշխման լուրջ վերահսկողություն ներկայումս գոյություն չունի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ