«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՆԴՈՆՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

«Մայնինգ ջորնալի» նոյեմբերյան համարը նվիրված էր մեր երկրին

Նոյեմբերի 21-23-ը Լոնդոնում տեղի ունեցած «Հանքավայրեր եւ ներդրումներ 2005» հանքարդյունաբերության համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մանրամասներին երեկ անդրադարձան առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը եւ նույն նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Նրանք տեղեկացրին, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին այս ոլորտը ներկայացնող մեր երկրի մասնավոր ընկերությունները եւ դրանցից ամենախոշորըՙ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 1200 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում առաջատար համարվող 12 երկրների նախարարներ:

Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ իր նշանակությամբ այս համաժողովը դարձել է ոլորտի ամենակարեւոր հանդիպման վայրը: Հայաստանի ընկերությունների ներկայացուցիչներն այստեղ տեղի ունեցած կլոր սեղանի շրջանակներում ներկայացրին հանքարդյունաբերության վիճակն ու զարգացման հեռանկարները, իսկ համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակՙ համապատասխան տեղեկատվություն իրենց գործունեության մասին: Մեր այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ կարելի է ակնկալել այս ցուցահանդեսից, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ նման համաժողովների ժամանակ հաստատվում են լուրջ կապեր, եւ համոզմունք հայտնեց, որ հայաստանյան ընկերությունները առաջիկայում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն: Եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հետ կապված ամեն ինչ արդեն հայտնի է, ապա լուրջ ներդրումներ ներգրավելու ակնկալիքներ ունեն Էյ Սի Փի, «Գլոբալ գոլդ», Էյ Ջի Ար Սի ընկերությունների ներկայացրած ծրագրերը:

Նշվեց նաեւ, որ հանքարդյունաբերության ոլորտի ամենահայտնի «Մայնինգ ջորնալ» ամսագրի նոյեմբերյան համարն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին:

Հայաստանի հանքարդյունաբերության այս տարվա արձանագրած ցուցանիշներին անդրադառնալով, հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը հայտնեց, որ արտադրանքի թողարկումն ավելացել է 17 տոկոսով, իսկ արտահանումըՙ մոտ 34-35 տոկոսով, ինչը պայմանավորված է միջազգային շուկայում մետաղների գների բարձրացմամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4