«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ընկերությունների արտադրողականության եւ մրցունակության հնարավորությունների բարձրացման հետազոտության արդյունքները երեկ քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում (ՀԱԳՄ): Հետազոտությունն անցկացվել էր միության, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ կազմակերպության եւ «Եվրասիա» հիմնադրամի ջանքերով:

Ուսումնասիրության նպատակների եւ գործնական նշանակության մասին լրագրողների հարցերին պատասխանելով, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հետեւյալն ասաց.

- Մեր տնտեսության ներկայիս ձեռքբերումների հիման վրա առաջ ենք քաշում երկրի արտադրողականության եւ մրցունակության բարձրացման հարցը: Քննարկվող ծրագիրը շարունակական է լինելու եւ նպատակ ունի երեք խնդիր լուծել: Առաջինըՙ բացահայտել այն խնդիրները եւ աջակցել դրանց լուծմանը, որոնք թաքնված են աշխատանքային ռեսուրսների ոլորտում: Խոսքը որակյալ աշխատուժ ունենալու մասին է: Երկրորդը գործարարությանն աջակցող իրավական դաշտի կատարելագործմանն է վերաբերում: Երրորդը պետության կառավարման եւ հսկողական գործառույթներիՙ հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործումն է: Այսինքն, մեր նպատակն է փորձել բացահայտել այն խնդիրները, որոնք առաջին հայացքից չեն երեւում, եւ որոնց լուծումը կնպաստի Հայաստանի մրցունակության թռիչքային զարգացմանը եւ տարածաշրջանային մրցակցության մեջ մեր դեռեւս գերակայող ու հաջողակ դիրքի պահպանմանը: Այնուհետեւ կառավարությանը, խորհրդարանին, կուսակցություններին կառաջարկվեն այդ խնդիրների լուծման ուղիները եւ դրանց համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու մեխանիզմները: Դա, ըստ ՀԱԳՄ նախագահի, տեղի կունենա մինչեւ 2006 թ.-ի կեսերը:

Այն հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԳՄ-ն տեսնում այսպես կոչված օլիգարխների խնդրի լուծումը, որոնք առանձին ոլորտներում սահմանափակում են մրցակցությունը եւ իրենց ձեռքում կենտրոնացնում ամբողջ ոլորտը, Արսեն Ղազարյանը պատասխանեց, որ արհեստական մենաշնորհ ունեցող այդ մարդկանց խնդիրը միայն պետական մարմինների միջոցով անհնար է հաղթահարել: Դրա համար Հայաստանում պետք է ուժեղացնել տնտեսվարող սուբյեկտների մրցունակությունըՙ ներառյալ նրանց որակավորումը, էժան ֆինանսական ռեսուրսներ հատկացնելը, միջին բիզնեսին աջակցելը եւ պետք է համապատասխան օրենսդրական մեխանիզմներ ստեղծել, արգելքներ կիրառել արհեստական մենաշնորհներ թույլ չտալու համար: Միաժամանակ «հարկ է թացը չորին չխառնել», որովհետեւ շատ դժվար է գտնել այն պահը, երբ մարդը մրցակցում է շուկայի օրենքներով, եւ այն պահը, երբ օգտվելով հովանավորչությունից, իր դիրքից կամ նույնիսկ տնտեսության մեջ իր հզորությունիցՙ ակամա կլանում է շրջապատում գտնվող տնտեսվարող սուբյեկտներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4