Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց 15 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի գործով դատավարությունը: Եվ դատարանի առջեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների եւ պարզապես ամբաստանյալների ճակատագրով մտահոգ մարդկանց կազմակերպած բողոքի ակցիան ակնկալելի էր ոչ միայն նախօրեին կայացած, ակնհայտ անմարդկային մթնոլորտում անցած դատավարության առումով, այլեւ արդեն մոտ երկու տարի նույն մոտիվներով անցկացվող գործի քննության եւ առաջին ատյանում ընթացած գործի իմաստով: «Մենք գիտենք, թե ովքեր են հանցագործներն ու հովանավորները», «Զինդատախազությունն իր անօրինական գործունեությամբ կործանման է տանում արյան գնով ստեղծված բանակը» ցուցապաստառներով եւ «Անգամ թուրքը կխղճար», «Ինչ է, պիտի թողնեք մեռնի՞, որ նոր հանգստանաք» ցուցարարների արտահայտությունները պահանջում էին ոչ միայն արդարություն, այլեւ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանին անհապաղ բժշկական օգնության ցուցաբերում: Հիշեցնենք, որ վերը նշված 20-ամյա երեք երիտասարդները մեղադրվում են զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: Զինծառայողներին 15 տարվա ազատազրկման դատավճռի համար հիմք է ծառայել Ռազմիկ Սարգսյանի միակ խոստովանական ցուցմունքը, որի կապակցությամբ երիտասարդը դատարանում հայտարարել է, որ ցուցմունքը իրենից կորզվել է ծեծի, բռնությունների եւ խոշտանգումների միջոցով: Որպես անմեղության ապացույց` երիտասարդները հացադուլ են հայտարարել. Ռազմիկ Սարգսյանն արդեն 112 օր, Արայիկ Զալյանըՙ 91, իսկ Մուսա Սերոբյանըՙ 16 օր: Ընթացող դատավարության ընթացքում մեծ խնդիր է առաջացրել Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը, որին, արդեն որերորդ նիստն է, բերում են վատթար առողջական վիճակում: Իհարկե, նիստերին ներկաների զայրույթը, պահանջը, անգամ սպառնալիքներն ու վարկաբեկումները դատարանի հասցեին ոչ մի կերպ չեն անդրադառնում դատարանի «աշխատանքի» վրա, որը սառնասրտորեն կատարում է իր գործը: Դատավարությանը ներկա մի երիտասարդի խոսքերով «անտարբերությունը կերել է այս ազգին»: Երեկվա նիստում էլ փաստաբանների` ամբաստանյալին օգնություն ցուցաբերելու միջնորդության անտեսումը բերեց նրան, որ երեք փաստաբաններն էլ լքեցին դահլիճը:
Ռազմիկ Սարգսյանին նախօրեին մի կերպ էին բերել դատարան եւ նրան տեսնելով` ուշագնաց էր եղել նրա մայրը, իսկ արդեն երեկվա նիստում մորից բացի ուշագնաց եղավ նաեւ 20-ամյա Ռազմիկ Սարգսյանը:
Երեկվա նիստում հրապարակվեց, այսինքն ցուցադրվեց Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքը` տեսաժապավենը, որտեղ, հավաստի տեղեկությունների համաձայն, երեւում էր երիտասարդի լլկված տեսքը: Իհարկե, այդ ժամանակ էլ թե՛ մեղադրյալների փաստաբանների եւ թե՛ դահլիճում ներկաների միջնորդությունը, որ երիտասարդին շտապ բուժօգնություն է պետք, կրկին մնաց անարձագանք: Մոր եւ որդու ուշագնացությունից հետո միայն հայտնվեց շտապօգնությունը, եւ բժիշկը դատարանին հայտնեց, որ Ռազմիկ Սարգսյանին պետք է պառկեցնել հիվանդանոցում, թեպետ երիտասարդին տեղափոխեցին ոչ թե հիվանդանոց, այլ մեկուսարան: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:
«Զինվորի պաշտպանության կոմիտե» մայրերի նախաձեռնող խմբի նախագահ Գոհար Արմենակյանի խոսքերով, ամբաստանյալների գործով հետաքրքրված անձանց եւ հասարակական կազմակերպությունների կանչով դատարան են եկել Արամ Սարգսյանը եւ 2 հոգի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որոնք հանդիպել են դատարանի նախագահի հետ: Նախագահ Արմենակյանի խոսքերով, նրանք հանդիպել են նախագահի հետ, եւ նա ասել է, որ Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքը կարեւոր է ըստ այդմ դատավարությունը շարունակելու համար:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ