«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

Դրանք պետք է համապատասխանեն Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին

Հայաստանին մատակարարվող գազի սակագների թանկացման վերաբերյալ հարցին պատասխանելով, երեկ կառավարությունում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը հայտնեց, որ «փնտրում ենք լուծումներ, որոնք համապատասխանում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի շահերին»: Նա այն կարծիքը հայտնեց, որ ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ մնում են նույնը, եւ դա չի խանգարում որոշ հարցերի, այդ թվում գազի սակագների շուրջը պայմանավորվածություններ ձեռք բերելուն:

Հայ-ռուսական հարաբերությունների մյուս չլուծված հարցիՙ պարտքի դիմաց Ռուսաստանին անցած ձեռնարկությունների գործունեության առնչությամբ Միխայիլ Ֆրադկովը հայտնեց, որ այդ հարցի վերաբերյալ կան շատ հանձնարարականներ եւ, ի վերջո, մենք պարտավոր ենք հասնել «այդ ձեռնարկությունների կենսագործունեության ապահովմանը»: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ նման կարծիք հայտնեց, ասելով, որ այդ հարցն անպայման կլուծվի: «Չենք կարող ասել, որ ձեռնարկությունները լիարժեք կգործեն, բայց դրական փոփոխություն կլինի», նշեց վարչապետը:

Բնականաբար երկու երկրների լրագրողներին հետաքրքրում էր Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտային ուղղակի հաղորդակցության հարցը: Վարչապետներն այստեղ նոր ոչինչ չասացին: Միխայիլ Ֆրադկովն անդրադարձավ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այս առնչությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, ավելացնելով, որ այս տարվա օգոստոսին ռուս մասնագետները ուսումնասիրել են երկաթուղու աբխազական հատվածի վիճակը: Իսկ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ Հայաստանը կմասնակցի երկաթուղու վերականգնմանը:

Վարչապետները կարեւորեցին նաեւ «Արմենալի» գործունեությունը եւ ռուսական ներդրումներն այստեղ, ինչպես նաեւ հույս հայտնեցին, որ ապրանքաշրջանառության ծավալները կավելանան: Դրան, Միխայիլ Ֆրադկովի համոզմամբ, կնպաստի նաեւ Ռուսաստանի հայկական սփյուռքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4