«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՐՔԻԱ

Դիմավորում են Աղթամարը, հայ «գործարարուհիները» եւ երիտասարդը

Հարեւան այս երկրի եւ ժողովրդի մասին հայերիս վերաբերմունքը ձեւավորվել է պատմության խուլ ու մութ էջերի միջով: Այդ էջերը մեզ հաճախ զգուշավորության եւ շրջահայացության դասեր են տվել: Խորհուրդ են տվել հեռու մնալ հավատարմության եւ ապահովության թուրքական խոստումներից, ընկերության եւ ընկերասիրության թուրքական հավաստիացումներից: Եվ հայը, որ առաջին անգամ ոտք է դնում թուրքական սահման, ավելի քան երբեւէ փորձում է վերհիշել սերտած ամեն մի դաս, լսած ամեն մի պատմություն...

Գրեթե այս մտորումներով մտնում եմ Քեմալ Աթաթուրքի անունը կրող օդանավակայան: Թուրքերեն խոսք, թուրքերեն ծիծաղ, թուրքերեն ժպիտ ու «բարի գալուստ»: Աչքերս ու ականջներս փակելու մեծ ցանկություն ունեմ, մի քանի վայրկյան եմ Թուրքիայում, սակայն արդեն հասցրել եմ ձանձրանալ այդ ամբոխային հնչողությունից: Դեռ մի քանի քայլ եմ արել օդանավակայանի տարածքում, հանկարծ ծանոթ պատկերՙ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին: «Աստված իմ, մտածում եմ, իրակա՞ն է, թե պարզապես ես եմ ուզում, որ այդպես լինի»: Աչքերս սկսում են թացանալ: «Երեւի մի հայ է խոշոր գումարներ ծախսել, որ այս մեծ պաստառը փակցնեն օդանավակայանի բանուկ տարածքում», մտածում եմ, էլի մի քանի վայրկյան... «Թուրքսել». կարդում եմ Սբ. Խաչի գլխին: Ցավով եմ գիտակցում, որ թուրքական հեռախոսակապի ընկերությունը սեփական ծառայությունը գովազդում է 10-րդ դարի հայկական այս հոյակերտ եկեղեցու պատկերով: Հետագա օրերին հանդիպած թուրք այս կամ այն տարեցին կամ երիտասարդին, որ հետաքրքրվում է մեր երկրով, իմ ընտանիքով, լուսանկարներս եմ ցույց տալիս: Առաջին 4-5-ը Բիթլիսի պատկերներ են:

- Սա որտե՞ղ է,- հարցնում են:

- Հայրենիքումս,- պատասխանում եմ ու ուշադիր նայում նրանց զարմացած հայացքներին:

- Բայց Թուրքիային շատ նման է, որտե՞ղ է,- փորձում են ավելի հստակ հասկանալ:

- Բիթլիսում:

- Հա՜, մեր Բիթլիսում,- կարծես վերջապես ինչ-որ բան հասկացած ասում են:

- Չէ, ոչ թե ձեր, այլ մեր Բիթլիսում,- շարունակում եմ:- Այն միշտ էլ մերն է եղել ու հետո էլ մերը կլինի:

Որոշ տարեց թուրքեր զայրանում են, սկսում թուրքերեն ինչ-որ բաներ ասել, իսկ թոռները խուսափում են թարգմանել, չեն ուզում վիճել: Ու ատելությունս ավելանում է, չեմ կարողանում պատասխանել. ի՞նչ պատասխանեմ, լեզուն չեմ հասկանում:

Իսկ օդանավակայանում ավելի լավ է: Թուրքական ամբոխային հնչողությունից հանկարծ հայերեն խոսք է առանձնանում: Երիտասարդներով միանում ենք հայերի խմբին: Որոշ հարցեր ենք տալիս նախօրոք մեզ դիմավորելու պատրաստակամություն հայտնած հայերի մասին, պարզվում էՙ իրար հետ կապ ունեն եւ մեզ կտանեն համապատասխան հյուրանոց: Առաջարկում են բարձրանալ ավտոբուս: Բոլորը հայեր են, մեծ մասըՙ կանայք:

Կեսգիշեր է, դրսում մութ է, ցուրտ, ուժեղ անձրեւ է գալիս, մեքենան շարժվում է, ու չգիտենքՙ ուր է գնում: 5-10 րոպե անց մեր խմբի տղաներից մեկը բարձրաձայն հարցնում էՙ ո՞ւր ենք գնում: Ոսկե հաստ շղթայով ճարպոտ վիզը զարդարած տհաճ դեմքով մի 40-ն անց տղամարդ դժգոհությամբ պատասխանում էՙ հյուրանոց: Իրար ենք նայում ու ուզում ենք հավատալ, որ մեզանից մյուս երեքը այն չեն մտածում, ինչ մենք:

Ոչինչ չենք ասում ու լուռ նստում ենք: Ավելի լավ կլիներ խոսեինք իրար հետՙ գոնե չէինք լսի 10-12 կանանց ու մի քանի տղամարդու տհաճ բառապաշարով ողողված կենցաղային զրույցները, չէինք նկատի կանանց արտահայտիչ եւ որոշակի կենսաձեւի մասին լուռ խոսող դիմահարդարանքը, հագուկապը: Արդեն պարզ էրՙ ինչ խմբի հետ էինք շրջում Ստամբուլի թաց ու կեղտոտ փողոցներով: Ընկերներիցս մեկը վախեցած հայացքս նկատելով փորձում է հանգստացնել. «Մի վախեցի, հայ են»: Բայց ո՞ւմ են պետք, որ հայ են: Ո՞ւմ են պետք, որ նույնիսկ ազգակիցների սարսափն են առաջացնում: Ավելի վատ, որ հայ են: Գոնե հայ չլինեին կամ գոնե խոսեինք իրար հետ, չնկատեինք...

Հյուրանոցը փոքրիկ, խառնաշփոթ հիշեցնող մի ծուռումուռ փողոցում է: Ներսում ճամպրուկներ են, թափթփված մի քանի պայուսակներ, էժանագին օծանելիքի ու դիմափոշու հոտ... Կանայք քաշ տալով ներս են մտցնում իրենց իրերը եւ սկսում հյուրանոցի համարներ վերցնել: Ընդունարանում կանգնած են բեղավոր, նիհար եւ սուր դիմագծերով մի թուրք եւ նրա քառակի քաշն ու լայնությունն ունեցող մի պլպլան դեմքով հայ տղամարդ: Ցանկալի հյուրերին ընդունելիս մեկը մյուսին չեն զիջում անհարգալից եւ լկտի տոնով: Մեզ մոտ նման խոսք կարելի է լսել միայն հարբած եւ զայրացած տղամարդկանց շրջապատում: «Աղչի, ասում եմՙ բավարարվի, չես տեսնումՙ էս անգամ համարներս լիքն են, ոչ մի բանով չես գոհանում», գոռգոռում է հայ տղամարդը իրենից գրեթե 10 տարով մեծահասակ կնոջ վրա, որը գուցե նախընտրած «աշխատանքի» պատճառով է այդ տարիքին երեւում:

Չորս անծանոթներիս նկատելովՙ «լայնամասշտաբ» հայը դիմում է մեզ. «Պասպորտներդ ու մարդ ա 25 դոլար տվեք»: Ապշած կանգնած փորձում ենք առարկել. «Բայց մեզ ասել են, որ երիտասարդների համար նախատեսված եւ ավելի էժան հյուրանոց են տանելու», փորձեցինք հասկացնել մեր հայրենակցին: Գործարքը կորցնելու վախով եւ զայրույթով նա բարձր եւ անհարգալից տոնով կրկնեց, որ գինն այդ է, եւ գիշերվա այս ժամին ավելի հարմար հյուրանոց հնարավոր չէ գտնել, պետք է գոհ լինենք, որ սա էլ տրամադրում են: Ապշած կանգնել էինք ու փորձում էինք հասկանալՙ ինչ կարող ենք անել, որ ապահով եւ անվտանգ անցկացնենք գիշերվա մնացած 3-4 ժամը: Որոշումը կարծես հստականում էրՙ բարձր գինը պատճառաբանելով մի կերպ դուրս թռչել այդ «գործարարուհիներով» լի հյուրանոցից: Տղամարդը, տեսնելով, որ հաստատակամ ենք եւ չենք պատրաստվում մեր անձնագրերը եւ 100 դոլարը թողնել իր հայեցողությանը, սկսեց այս ու այն հեռախոսահամարներով զանգահարել եւ բողոքել անհնազանդ եւ իր կարգուկանոնին չենթարկվողներիցս: Հետո ասաց, որ կարող ենք նստել մի անկյունում ու սպասել մեկ ուրիշին: Չգիտեինքՙ ուրախանանք թե տխրենք, ապահով զգանք մեզ թե հուսալքվենք:

Հյուրանոց մտնող երիտասարդը մեզ տեսնելով այնքան զարմացավ, որ չկարողացավ զսպել զգացողությունը: Դեռ դռների մեջ հանդիմանական տոնով ասաց. «Այ էրեխեք ջան, ստեղ ի՞նչ գործ ունեք, ո՞ւր եք եկել»: Տաքսի նստեցրեց եւ տարավ մեկ այլ հյուրանոց: Այստեղ ամեն ինչ ապահով ու հաճելի էր թվումՙ նույնիսկ թուրքի խոսքն ու հյուրանոցի աղոտ լույսը: Երիտասարդը մի քանի բառ ասաց իր մասին, թողեց իր հեռախոսի համարները եւ խորհուրդ տվեց մինչեւ առավոտ հյուրանոցից դուրս չգալ:

Հաջորդ օրը կեսօրին զրուցում էինք Ստամբուլի հայ համայնքի պաշտոնյաներից մեկի հետ, երիտասարդը զանգահարեց վերջինիս, հարցրեց մեր մասին: Հյուրանոց էր եկել, անհանգստացել էր, ուզում էր հավաստիանալ, որ ամեն բան նորմալ է:

Ես էլ ուզում եմ հավաստիանալ, որ մեր հասարակությունում դեռ ամեն ինչ քայքայված չէ, որ այդ ճարպահոտ ու ոսկեզօծ վզերով տղամարդկանց կողքին ունենք երիտասարդներ, ովքեր ունակ են պահպանելու եւ շարունակելու հայի մաքուր գենը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4