«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՍԿՍՎԱ՞Ծ Է

ԹԲԻԼԻՍԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի իրականացման գործընթացը փաստորեն սկսված է: Այս մասին «Ռեգնում» գործակալության թղթակցի հետ զրուցելիս հայտնել է Ջավախքի մարզամշակութային միության նախագահ, Ջավախքի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը:

Ըստ նրա, տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումն ավարտելուց հետո մայրուղու շինարարության ենթադրյալ տեղամասեր են այցելել ճապոնական մի կազմակերպության ներկայացուցիչներ, որ հավակնում են մասնակցել հայտամրցույթին, ինչպես նաեւ Վրաստանի շինարարության նախարարը: «Ենթադրվող մայրուղու երկայնքով մեկ գտնվող տների բնակիչներին առաջարկվում է վաճառել իրենց հողամասերը, ոմանց արդեն որոշակի գումարներ են նշել, կատարվում է մեծ քարոզչական աշխատանք: Կայացել են նաեւ այցելուների գաղտնի հանդիպումներ տեղի ղեկավարության հետ»,- տեղեկացրել է Չախալյանը:

Այդուհանդերձ նա նշել է, որ տարածաշրջանի հայ բնակչությունը կտրականապես դեմ է արտահայտվում տվյալ նախագծի իրականացմանը: «Դա հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի շահերին, քանի որ կուժեղացնի թուրքական տարրի ներթափանցումը տարածաշրջան, ինչպես նաեւ կամրացնի Հայաստանի հաղորդակցությունների շրջափակումը: Մենք մտադիր ենք եռանդուն խոչընդոտել աշխատանքներին հնարավոր բոլոր եղանակներով», հայտարարել է Վահագն Չախալյանը:

Նախնական հաշվարկներով, Կարսից Ախալքալաք 98 կիլոմետր երկարությամբ երկաթուղու շինարարությունը, ինչպես նաեւ Ախալքալաք-Թբիլիսի ճանապարհի արդիականացումը կարժենա 400-500 մլն. դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4