Ձայները բաշխվելու են ըստ կուսակցության զորության
Ընդդիմությունը լուրջ անելիքներ ունի եւ այն էլ մինչ հաջորդ հանրահավաքՙ եկող ուրբաթ: Այս մասին բարձրաձայնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ տեղի ունեցած հանրահավաքում: Իսկ անելիքը առաջին հերթին մինչ ուրբաթՙ նոյեմբերի 9-ը, ընդդիմադիրների հավաքն է: Նպատակը, Սարգսյանի բացատրությամբ, օպերատիվ կերպով հավաքվել ու արագ որոշումներ կայացնելու ունակ մի մարմին ստեղծելն է. «Քաղաքական զարգացումներն ընթանում են շատ արագ, ու երբեմն այդ բոլոր կուսակցություններին հավաքել ու արագ որոշում կայացնելը բարդանում է: Վերջ ի վերջո կան կուսակցություններ, որոնք լուրջ ռեսուրսներ ունեն եւ դրանով հանդերձ պատասխանատվություն ունեն իրենց շարքերի առաջ: Նրանք մասնակցության, ասելիքի, ձայնի ավելի մեծ հնարավորություններ պիտի ունենան, իսկ քննարկումների ժամանակ հավասար են հնարավորությունները»: Ձեւավորվելիք կառույցը քաղաքական ու գործադիր օրգաններ է ունենալու եւ կոորդինացնելու է հանրահավաքների կազմակերպման աշխատանքներն ու ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքի գործընթացը, որին մասնակից, բայց ոչ այնքան համամիտ է «Հանրապետություն» կուսակցությունը, քանի որ ստորագրահավաքի խնդիրը համարում է ժողովրդի ինքնաբուխ վերաբերմունք: Տեղեկացնելով, որ մինչ ուրբաթ կայանալիք հանդիպումն ընդդիմությունը ծրագրում է անցկացնել կինոյի տանը, Սարգսյանը հավելեց, որ ինքն էլ մասնակիցներից մեկն է եւ իրավասու չէ որոշելու որեւէ մեկի մասնակցության հարցը, բայց գտնում է. «Ամբողջ քաղաքական գործընթացին մասնակցած 17-ի ֆորմատի, «Արդարություն» դաշինքի, ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցությունները կհրավիրվեն, իսկ թե որ կուսակցությունների քաղաքական ներկայացուցիչները կդառնան այդ մարմնի անդամ, կվճռվի ընդհանուր որոշմամբ»: «Ազգային միաբանության» մասնակցության առնչությամբ խոչընդոտ չտեսնելով հանդերձ Արամ Սարգսյանը հայտնեց. «Եթե խնդիրը միայն ինձանով լիներ, սիրով կհրավիրեի»:
Հատման գիծը հեռու չէ եւ կարող է չհասնել Բաղրամյան փողոց
Կանխատեսելով իշխանություն-ընդդիմություն հատման գծի ոչ հեռու լինելը, Սարգսյանը չբացառեց դրան հենց այս 2005 թվականին հասնելու հեռանկարը. «Մենք ունեցանք մի հատման գիծՙ նոյեմբերի 27-ն էր, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպեցին: Հիմա եկել է այն ժամանակը, երբ ձեւավորվում են համապատասխան բուրգերը, որոնք միմյանց դեմ պայքարում են: Ի տարբերություն մեզ, իշխանական բուրգը փորձում է կրիմինալ պայքարի մեթոդները օրինականության դաշտում ցուցադրել, բայց դա մեզ չի հուսահատեցնում, մենք այլ հանդիպման գիծ ենք ստեղծել, որը այնքան էլ չի նախատեսում Բաղրամյանում հանդիպելը»:
Բայց Բաղրամյանը փակելու հեռանկարն ամբողջովին չի բացառում ընդդիմությունը. «Բաղրամյանը փակելու ենք, բայց այսօր չէ, այսօր այդ օրը չէ», երեկ հանրահավաքում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու հավելեց. «2007-ին չենք սպասելու, այս հարցից պետք է բռնենք ու այս հարցով խեղդենք»: Այս ասելով Մանուկյանը նկատի ուներ հանրաքվեն ու այն իրականացրած իշխանությանը:
Վկայակոչելով նախորդի համեմատությամբ երեկվա հանրահավաքի մասնակիցների աճը, Արամ Սարգսյանը հայտնեց, որ գործողությունների ընդհանուր ծրագրում չկա ոչ նստացույց, ոչ էլ ավելի մարդաշատ հանրահավաք անցկացնելու մտադրություն, իսկ կուլմինացիոն հանրահավաքի ժամանակը ոչ երեկ, ոչ էլ վաղն է լինելու, բայց եւ հեռու չէ եւ կարիք չի լինելու Բաղրամյան հասնել: Իսկ գործողությունների ծրագիր կազմելու հարցում ունեցե՞լ են արդյոք արտասահմանյան քաղաքական տեխնոլոգների օգնությունըՙ Սարգսյանի պատասխանը երկսայրի էր. «Դուք կարո՞ղ եք ասել, հանրաքվեն այսպես անցկացնելու սխեմայի հարցում արտասահմանյան տեխնոլոգները օգնե՞լ էին Ռոբերտ Քոչարյանին, որ միլիոն 200 հազար նկարեր: Կարծում եք չեն օգնելՙ ուրեմն կարծեք, որ ինձ էլ չեն օգնել»:
ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանները գիտեն ավելին
Եվրոմիության անդամ երկրների ՀՀ-ում դեսպանների հետ երեկ առավոտյան Միացյալ Թագավորության դեսպանատանը, քանի որ ԵՄ նախագահող երկիրն է, հայրենական ընդդիմադիր չորս կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, Արամ Սարգսյանի տեղեկացմամբ, խոսելով հանրաքվեի ընթացքից դեսպանները եղել են էմոցիոնալ եւ արտահայտվել են ոչ դիվանագիտական բառապաշարով: Սարգսյանի կարծիքովՙ ԵՄ անդամ երկրների ՀՀ-ում դեսպաններն էլ տեսնելով հանրաքվեի ընթացքը, մեծ հիասթափություն են ապրել: Հանրաքվեի եւ քարոզչության ընթացքում տեղ գտած կեղծիքներն ու խախտումներն արտացոլող ծավալուն ու անգլերենով ընդդիմության ներկայացրած փաթեթում, Սարգսյանի հավաստմամբ, դեսպանների համար նորույթներ չեն եղել, ավելինՙ պարզվել է, որ նրանց ունեցած փաստարկներն ավելին են, քան ընդդիմադիրների ներկայացրածները: Իսկ ընդդիմադիրներից հանդիպմանը մասնակցել ենՙ «Հանրապետություն»ՙ Արամ Սարգսյանը, «ԱԺՄ»ՙ Վազգեն Մանուկյանը, «ՀԺԿ»ՙ Գրիգոր Հարությունյանը, «Ժառանգություն»ՙ Վարդան Խաչատրյանը:
Հանրահավաքում հենց այս չորս անձինք էլ խոսեցին անելիքներից:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ