Ինչպես տեղեկացրել էինք, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի էր ունեցել 2006/2007 թվականների մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությունների նախնական փուլերի վիճակահանությունը: ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդագրության համաձայն, հայտնի են դարձել ընտրական մրցաշարերի անցկացման վայրերը: Հուրախություն հայ ֆուտբոլասերների, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որ 10-րդ խմբում ընդգրկված է Շոտլանդիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ, խմբային մրցաշարը կանցկացնի սեփական հարկի տակ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը հաջողվել է ՈՒԵՖԱ-ի 8-րդ երիտասարդական պատվիրակության կոնֆերանսի ներկայացուցիչներին համոզիչ փաստարկներով ապացուցել ՀՖՖ-ի եւ Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների պատրաստվածությունը` հանդես գալու որպես մրցաշարի կազմակերպիչ: Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 30-ին, երկրորդը` հոկտեմբերի 2-ին, երրորդը` հոկտեմբերի 5-ին:
Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը, որը 7-րդ խմբում ընդգրկված է Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի հավաքականների հետ, խմբային մրցաշարը կանցկացնի Կիպրոսում, հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը: Առաջին հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 27-ին, երկրորդը` հոկտեմբերի 29-ին, երրորդը` նոյեմբերի 1-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ