«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԱԿՏԻՎԻՍՏՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ

«Ինքներս մեզ օգնելու մշակույթը ձեւավորվում է»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության 14 տարիներին առաջին անգամ «Հեռուստամարաթոն-2005» դրամահավաքին Հայաստանից, Ամերիկայից ու Եվրոպայից ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերել են ոչ թե մեծահարուստները, այլ հասարակ, շարքային մարդիկ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի երեկվա ասուլիսի գլխավոր լեյտմոտիվն այս իրողությունն էր, ի հակադրություն այն ընդդիմախոսների, ովքեր պնդում են, թե այս տարի անհամեմատ ավելի քիչ նվիրատվություններ եղան, որովհետեւ հիմնադրամը արժեզրկվել է հասարակության աչքում: Այս տարի անցած տարվա 11, 5 մլն-ի փոխարեն հանգանակվեց 7 մլն 700 հզ. դոլար: Այս տարի հայ անվանի մեծահարուստները նվազագույն ակտիվություն ցուցաբերեցին, չնայած ԼՂՀ նախագահի` մարաթոնից առաջ նրանց հղած ուղերձին: Անցած տարիների առատաձեռնությանը հավատարիմ է մնացել թերեւս միայն Լուիզ Սիմոն Մանուկյանը, որ 1 մլն դոլարի նվիրատվություն արեց: 250 հազար դոլար է նվիրաբերել նաեւ Արա Աբրահամյանը: «Հուսով ենք, որ Արա Աբրահամյանն օրինակ կծառայի Ռուսաստանի մյուս բարերարների համար` օժանդակելու Արցախին», ասաց Նաիրա Մելքումյանը: Սակայն մյուս բարերարներից նեղացածության ոչ մի նշույլ ցույց չտվեց հիմնադրամի տնօրենը, քանի որ, իր հիմնավորմամբ, այդ մեծահարուստներից շատերն առանձին-առանձին ծրագրեր են իրականացնում հիմնադրամի շրջանակներում: Տես էջ 3Անցած տարի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցների ժամանակ հայ նվիրատուներից շատերն իսկապես տրտնջում էին հիմնադրամի գործունեությունը միայն իրենց հետ կապելու համահայկական ակնկալիքներից: Այս տարի նրանք իսկապես չմասնակցեցին դրամահավաքին: Եվ հասարակ մարդկանց նվիրատվությունների գերակշռությամբ կառույցը, կարելի է ասել, մոտեցավ իր կոչման իրական իմաստին` համահայկական հիմնադրամ:

Նվիրատուների մեջ գերակշռել են երիտասարդներն ու միջին հասակի մարդիկ: Աճել է նաեւ միջին գումարների չափը` 1000-ից մինչեւ 25 հզ. դոլար դոլար: Գումարների միջին չափը Հայաստանում աճել է մոտ 3 անգամ: Նվիրատվություններն իրականացվել են հիմնականում քարտային համակարգով` 1000-ից մինչեւ 5, 10 հզ. դրամ եւ այլն: «Ինքներս մեզ օգնելու մշակույթը կամաց-կամաց սկսում է ձեւավորվել եւ Հայաստանում, եւ դրսում ապրող հայերի գիտակցության մեջ», ասում է Նաիրա Մելքումյանը:

Միայն Հայաստանից ու Արցախից հավաքվել է 1 մլն դոլար, Եվրոպայից` 1 մլն եվրո, Ամերիկայի արեւելյան ափից` 1 մլն 200 հզ.: Թե ովքեր են եղել հիմնական նվիրատուները, Նաիրա Մելքումյանը խոստացավ հրապարակել տարեսկզբին, քանի որ մինչեւ դեկտեմբերի վերջ նվիրատվությունները դեռեւս շարունակվելու են, եւ այդ ժամանակ միայն հնարավոր կլինի առանձնացնել մեծ ու փոքր նվիրատուներին:

Ըստ գործադիր տնօրենի, այս տարի հանգանակած գումարը բավարար է նաեւ գալիք տարվա ծրագրերի մասին մտածելու համար: Իսկ գալիք տարում նախատեսվում է դպրոցների ու մարզադպրոցների վերանորոգում Հայաստանում, Մեղրիի հետ կապված լայնածավալ ծրագրեր, որոնց բովանդակությունը չմանրամասնվեց, Արթիկի հիվանդանոցի հիմնանորոգում եւ այլն:

Հավաքված գումարի մի մասը կօգտագործվի Մարտակերտի շրջանի դպրոցների ու բուժհիմնարկների, եւ ամենակարեւոր` խմելու ջրի խնդիրը լուծելու համար: Մարտակերտը եղել է Ղարաբաղի ամենազարգացած ու հարուստ շրջանը, եւ այս տարածքի գյուղատնտեսության վերակենդանացման համար եւս լուրջ միջոցառումներ կիրականացվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4