Հոկտեմբեր ամսից նորոգման շինարարական աշխատանքներ են սկսվել Գյումրու Սբ. Աստվածածին (Սբ. Յոթվերք) առաջնորդանիստ եկեղեցում: Սա մասնավորապես դեկտեմբերյան երկրաշարժից հետո շենքի առաջին հիմնանորոգումն է եւ, ինչպես տեղեկացրեց Շիրակի թեմի առաջնորդը, նաեւ ամրացման, աղետից ստացած վնասվածքների բուժման նպատակ ունի: Եկեղեցին հավատացյալներին նորոգ տեսքով կներկայանա շինաշխատանքների սկզբից 10 ամիս հետո:
Սբ. Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ, Շահումյան փողոցի նախկին բաղնիքի տեղում կառուցվում է թեմի սոցիալական կենտրոնը, որտեղ քաղաքի բնակչությանը բազմատեսակ ծառայություններ կմատուցվեն: Շենքը հանձնվելու է սեպտեմբեր ամսին: Այժմ ընթացող շինարարությանը խանգարում են տարածքում գտնվող երկու բնակեցված տնակները, որոնց բնակիչների խնդիրը պետք է լուծեն տեղական իշխանությունները: Նախատեսվում է եկեղեցու հովանու ներքո, քաղաքային արտադպրոցական կենտրոնի (պիոներպալատ) բազայի վրա Գյումրիում հիմնել նաեւ Հայորդաց տուն, որին կծառայի Շիրակի թեմին հանձնված նախկին Սպայի տունը: Ներկայումս ընթանում են օբյեկտի նախագծման աշխատանքները:
Մարզի տարածքի հոգեւոր շինություններից սկսվում է Հառիճավանքի մասնաշենքերի նորոգումը: Ավարտից հետո այստեղ նաեւ պետք է վերաբացվի հոգեւոր դպրանոցը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ