«Ազգի» հարցադրմանը, թե դոլարի չդադարող անկումներն ինչպես են անդրադառնում հիմնադրամի գործունեության վրա, գործադիր տնօրենը պատասխանեց. «Մեր տարածքային կառույցների հետ որոշել ենք ծրագրերի հաշվարկների մեջ ներառել նաեւ 10 տոկոս հավելյալ ծախսի գումար, որպեսզի դոլար-դրամ տատանումների դեպքում ծրագրի արժեքը չփոխվի»: Նա ավելացրեց սակայն, որ դրանից խնդիրը չի լուծվում, որովհետեւ փոխարժեքի տատանումները սովորաբար անցնում են այդ 10 տոկոսի սահմանագիծը: Չի փրկում նաեւ Կենտրոնական բանկի հետ մշտական հաղորդակցությունը: Դոլարի անկանխատեսելի վարքն արդեն ազդել է ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության վրա:
Ճանապարհի 75 կմ-ն կառուցվում է, դրա 25 կմ-ն շուտով կհանձնվի, բայց 20 կմ-ն դեռ պատվիրված էլ չէ: Սակայն այդ 20 կմ-ի 7 կմ-ն, Նաիրա Մելքումյանի հավաստմամբ, ռազմավարական նշանակություն ունի եւ անպայման պիտի արագորեն կառուցվի: