«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ ՈՉ ԹԵ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ, ԱՅԼ ԱՆԳԱՄՆԵՐՈՎ

Նշվեց Ռուսաստանի ազգային ցուցահանդեսի բացման ժամանակ

Անցնող տարին հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից ամենահագեցածն ու արդյունավետը կարելի է համարել: Հայաստանում Ռուսաստանի տարվա վերջին միջոցառումների շրջանակներում երեկ Երեւանում բացվեց Ռուսաստանի ազգային ցուցահանդեսը եւ սկսվեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովի այցը Հայաստան:

Մինչ ցուցահանդեսի բացումը մամուլի ասուլիս էին հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչներն ու երկու երկրների կառավարությունների եւ գործարարների ներկայացուցիչները: Ռուսաստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կաուլբարսի խոսքում անդրադարձ կատարվեց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ այսօր տեղի ունենալիք գործարար համաժողովի նպատակներին: Նշվեց, որ երկու երկրները նպատակ ունեն նպաստել հատկապես ինովացիոն ոլորտի զարգացմանը: Նախարարության ներկայացուցիչը կարեւորեց տրանսպորտային խնդրի լուծումը, սակայն այդ կապակցությամբ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին ոչինչ չասվեց, այլ միայն հիշատակվեց Պորտ Կավկազ-Փոթի լաստանավային անցման գործունեության կարեւորությունը:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը թվարկեց այն տնտեսական ցուցանիշները, որոնք բնութագրում են երկու երկրների փոխգործակցության վիճակը: Ներկայումս Հայաստանում ռուսական կապիտալով ստեղծված շուրջ 600 ընկերություններ կան, ռուսական ներդրումներն այստեղ կազմում են մոտ 400 մլն դոլար, իսկ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շուրջ 300 մլն դոլար է: Փոխնախարարը նույնպես անդրադարձավ տրանսպորտային խնդրին, այն կարծիքը հայտնելով, որ եթե այդ հարցը կարգավորվի, ապա երկու երկրների ապրանքաշրջանառությունը կավելանա ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Նա եւ Ալեքսեյ Կաուլբարսը երկու երկրների տնտեսական համագործակցության լավագույն բնութագրիչը համարեցին «Արմենալ» գործարանի վերակառուցումն ու վերջին տեխնոլոգիաներով հագեցումը: Ի դեպ, այդ ձեռնարկության բացումը ՌԴ վարչապետը կկատարի այսօր:

Պենզայի նահանգապետ Վասիլի Բոչկարյովը հայտնեց, որ առաջիկայում քարի մշակման համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն Պենզայում, իսկ Հայաստանում գազատարի կառուցմամբ զբաղվող ընկերությունները գազախողովակները Իտալիայից գնելու փոխարեն կարող են նույն որակի, բայց ավելի էժան դրանք ձեռք բերել իրենց մարզի «Ստարտ» գործարանից:

Ցուցահանդեսը կազմակերպել էին ռուսական կողմիցՙ ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը, Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը, հայկական կողմիցՙ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը: Մասնակիցների ընկերությունների թվում էին գլխավորապես գիտատար ոլորտի ներկայացուցիչներըՙ «Մայակ-93» գիտահետազոտական ինստիտուտը, «Էլեկտրոշիտ» մոսկովյան գործարանը, «Արխիմեդ» միջազգային ինովացիոն կենտրոնը, «Ջերմային ավտոմատիկայի մոսկովյան գործարանը», «Մոսգորտրանսնիիպրոեկտը» եւ ուրիշներ: Հայաստանում գործող ռուսաստանյան ընկերություններից ներկայացված էին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Հրազդանի էներգետիկ ընկերությունը», հայկական կապիտալով ստեղծված մոսկովյան հայտնի «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը, «Կարկոմավտո» ընկերությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր մարզերի առեւտրաարդյունաբերական պալատները առանձին տաղավարներով: Մի խոսքով, ցուցահանդեսն իրոք ներկայացուցչական էր:

Ցուցահանդեսի բացման արարողությունն ուղեկցվում էր հայ-ռուսական բարեկամության, ռազմավարական համագործակցության, տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին ելույթներով: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշելով, որ տնտեսական կապերը հետ են մնում քաղաքական եւ ռազմական համագործակցությունից, այս ցուցահանդեսն ու գործարարների առկայությունը համարեց դրանք առաջ մղելու խթան: Իսկ Ալեքսեյ Կաուլբարսը ընթերցեց տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Գերման Գրեֆի ողջույնը, որտեղ նույնպես կարեւորվում էին ցուցահանդեսն ու գործարար համաժողովը տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին հայտնեց, որ այս միջոցառման շրջանակներում կողմերը ցուցահանդեսային, ինովացիայի, կորպորատիվ կառավարման ոլորտներում համագործակցելու համաձայնագրեր են կնքելու: Նրա գործընկեր Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովն էլ որպես հայ-ռուսական բարեկամության ասված խոսքերի տրամաբանական եզրափակում, իր ելույթում շեշտեց, որ Ռուսաստանից ցուցահանդեսի մասնակիցները եկել են Հայաստան «մաքուր սրտով, մեծ հաճույքով, եկել են իրենց բարեկամների մոտ եւ զգացել հայկական հյուրասիրության ողջ ջերմությունը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4