Նշում է «Գինդ» տպագրատան տնօրեն Կարեն Ավետյանը
Հայաստանում անկախ թերթի հզորացմանն է ուղղված «Եվրասիա» հիմնադրամի (ԵՀ) «Լրատվամիջոցների աջակցման» ծրագիրը, որի նպատակը քիչ հայտնի եւ անկախ տպագրական ընկերությունը գործունեության այնպիսի մակարդակի հասցնելն էր, որպեսզի կարողանար մրցել պետությունից ֆինանսավորվող տպագրատան հետ: Անկախ լրատվամիջոցների տպագրատուն ստեղծելուն ուղղված ծրագրի գործընկերը «Գինդ» տպագրատունն էր, որը 1997 թ. ԵՀ տրամադրած 350 հազար դոլարով ձեռք բերեց «Գոսս Քըմյունիթի» տպագրական մեքենա: Ռոտացիոն տպագրական մեքենան, որ բաղկացած է 4 տպագրական եւ 2 ծալող սեկցիաներից, նոր, հետաքրքրական տպագրության ձեւ է եւ միաժամանակ ապահովում է երկուղղությամբ տպագրություն` գունավոր եւ սեւ-սպիտակ: Ծրագրի շրջանակներում, բացի վարկից, տպագրատունը որպես շնորհ ստացել է «Անտարես» գունաբաժանող սարքը: 2005 թ. մարտի 24-ին «Գինդը» ԵՀ-ին վերադարձրեց 350 հազար դոլար վարկի վերջին մասնաբաժինը, որով փաստորեն ավարտվեց ծրագիրը: Երեկ «Գինդ» տպագրատանը ծրագրի ավարտին ձեռքբերումների մասին զրուցելիս, որին ներկա էր ԵՀ ներկայացուցչությունը, տպագրատան տնօրեն Կարեն Ավետյանը կատարեց պատմական կարճ շրջայց:
Ծրագրի մեկնարկը մեծ ռիսկ էր ԵՀ-ի համար: Այդ տարիներին մրցակցություն չեղած թերթերի տպագրության բիզնեսում ԵՀ-ն առաջարկում էր ներդնել առեւտրային լուրջ հիմքերի վրա դրված այլընտրանք: Հիմնադրամը նախատեսում էր այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ անկախ լրագրողների ասելիքը կհասներ հանրությանը: Իսկ այսօր «Գինդ» տպագրատունը շահութաբեր ընկերություն է, որին բաժին է ընկնում Հայաստանում տպագրվող թերթերի 50 տոկոսը, եւ որն այսօր հիշյալ ոլորտում լուրջ մրցակցություն է ստեղծել: Այս տարիներին տպագրատունը թերթերին մատուցել է որակի, գնի եւ արագության առումով լավ ծառայություններ եւ, տնօրենի խոսքերով, այսօր կայացել է: «Այս ծրագրի արդյունքում ստեղծվեց իսկապես առողջ, արդար մրցակցություն, եւ մենք լրագրային տպագրության գործում ոչ մի խնդիր չունենք «Տիգրան Մեծ» տպագրատան հետ», ասաց տնօրենը: Պրն Ավետյանի խոսքերով, հիմա «Գինդ» տպագրատան արտադրանքի 90 տոկոսը կազմում է լրագրային (թերթեր), 10 տոկոսը թերթային, կոմերցիոն (գրքեր, բուկլետներ, ցուցանակներ, բրոշյուրներ, հրավիրատոմսեր եւ այլն), տպագրությունը: «Գինդում» են հրատարակվում 20-ից ավելի թերթեր, որից մեկ-երկուսը գունավոր:
Տնօրենը հաճույքով է նշում, որ այս տարիներին տպագրատունը ոչ միայն կարողացել է շահել խմբագիրների, լրագրողների եւ սպառողների վստահությունը, այլեւ ձեռք է բերել մեծ թվով բարեկամներ` անգամ հարկային դաշտից եւ ոստիկանների շրջանից, որոնք հասկացել են տպագրատան դժվարությունները եւ ընդառաջել: «Դեռեւս ոչ մի թերթ մեզնից չի հեռացել նեղանալու պատճառով. այս հարաբերություններում կարեւորը առողջ հարաբերություններն են ու առողջ բիզնեսը», ընդգծեց Կարեն Ավետյանը եւ հավելեց, որ «Գինդը» սկիզբ դրեց մրցակցության, եւ պետք է այսօրվա մրցակցության լուրջ պայմանները ոչ միայն պահպանել, այլեւ առաջ գնալ, զարգանալ: Շահութաբե՞ր բիզնես է տպագրական աշխատանքը հարցին տնօրենը միանշանակ այո պատասխանեց` նշելով. «300 էլիտար հարկատուների ցուցակում հայտնվելը արդեն խոսում է մեր ձեռքբերումների մասին»:
Վերջում հավելենք, որ ԵՀ-ի հետ ավարտվեց տպագրատան այս ծրագիրը, բայց հիմք է դրվում նոր ծրագրի, որն ուղղված է թերթերի տպագրությունը մարզերում բարելավելուն: Տնօրենի խոսքերով, «Գինդը» կփորձի աջակցել այդ ծրագրին հնարավոր ամեն ինչով, անգամ կադրերի պատրաստման հարցով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ