«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԱՐԳԱՆԴԻ ՎԶԻԿԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է չմեռնել

Հայաստանում ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղի 250-260 նոր դեպքեր են բացահայտվում: Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճն արձանագրվում է ընդհանրապես ամբողջ աշխարհում: Հայաստանի դեպքում տագնապեցնողն այլ հանգամանք է: Որպես կանոն, բժշկի դիմած հիվանդների 50 տոկոսն արդեն բարձիթողի վիճակում է, այսինքն, այլեւս փրկություն չկա: Համեմատության համար ասենք, որ Եվրոպայում նույն ցուցանիշը 8 տոկոս է: Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը մեզ մոտ միջին մակարդակ է համարվումՙ 14,4 մարդ` 100 հզ. բնակչի առումով): Սա ավելի ցածր ցուցանիշ է, քան օրինակ, Ռուսաստանում է, Լիտվայում, Լատվիայում: Մեզ մոտ բարձր է մահացության մակարդակը` 8, 6 մարդ` 100 հազար բնակչի առումով:

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման, կանխարգելման ու բուժման ազգային ռազմավարությանը նվիրված երեկ կայացած խորհրդաժողովին հայ մասնագետների հետ մասնակցում էին նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի փորձագետները: Գրասենյակի խորհրդական Գունդա Լա Զանյեն բարձր կարծիք ունի մեր մասնագետների պատրաստվածության վերաբերյալ, սակայն խիստ հիասթափված է բնակչության` սեփական հիվանդությունների ու պրոբլեմների նկատմամբ անտարբերությունից ու անիրազեկությունից:

Առաջատար մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խմբի մշակած փաստաթուղթը կրկնակի փորձաքննություն անցնելովՙ արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությանը, եւ փորձագետների հավաստմամբ, գրեթե լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Այդ չափանիշների մեջ առաջնայինը համարվում է բնակչության առողջապահական կրթումը: «Բոլոր կանայք պիտի իմանան, որ արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է, դրանից կարելի է չմեռնել, եթե ժամանակին դիմեն եւ հայտնաբերվի», ասում է ծրագրի փորձագետ, առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:

Այս վտանգավոր հիվանդությունից խուսափելու հաջորդ ամենակարեւոր քայլը 3 տարին մեկ պարտադիր հետազոտվելն է: Եթե կինը 2 անգամ բացասական պատասխան ստանա, ուրեմն ապահովագրված է քաղցկեղի այս տեսակով հիվանդանալուց: Նույնիսկ եթե կանայք մտադիր էլ չեն 3 տարին մեկ հետազոտվել, արգանդի վզիկի քաղցկեղի դեմ ազգային ծրագիրը նախատեսում է ծրագրի շրջանակներում նման միջոցառումներ կազմակերպել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4